TSMC-ն ԱՄՆ-ում չիպերի արտադրության զարգացման համար կներդնի ևս 100 միլիարդ դոլար
Taiwan Semiconductor Manufacturing Company (TSMC) ընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է լրացուցիչ 100 միլիարդ դոլար ներդնել ԱՄՆ-ում իր արտադրական հզորությունների ընդլայնման համար։ Այդ մասին գրում է Financial Times-ը։
Պարբերականի գնահատմամբ՝ Արիզոնայում գտնվող ընկերության ձեռնարկությունում իրականացվող նոր ներդրումները TSMC-ի՝ ԱՄՆ-ում միկրոչիպերի արտադրության զարգացման ընդհանուր պարտավորությունների ծավալը կհասցնեն 265 միլիարդ դոլարի։ Հոդվածում նշվում է, որ սա լուրջ աջակցություն կլինի Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերին՝ առաջատար արտադրական հզորությունները Ասիայից ԱՄՆ վերադարձնելու ուղղությամբ։
Հայտարարությունը հրապարակվել է TSMC-ի երկրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքների ներկայացման հետ միաժամանակ։ Ընկերությունը հայտնել է, որ իր շահույթն աճել է 77%-ով՝ արհեստական բանականության շուկայի արագ զարգացման ֆոնին։
TSMC-ի գլխավոր գործադիր տնօրենի խոսքով՝ ԱՄՆ-ում նախատեսվող լրացուցիչ ներդրումներն ուղղվելու են ևս չորս արտադրական ձեռնարկության կառուցմանը։
Հոդվածի համաձայն՝ դրանց թվում կլինեն առավել առաջադեմ՝ «2 նմ և ավելի փոքր» տեխնոլոգիական գործընթացով չիպերի արտադրության գործարաններ, ինչպես նաև միկրոսխեմաների առաջադեմ փաթեթավորման հզորություններ, որը բարդ կիսահաղորդիչների արտադրության կարևորագույն փուլերից մեկն է։
ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը հայտարարել է, որ լրացուցիչ ներդրումները, որոնք հաջորդել են հունվարին Թայվանի հետ կնքված 250 միլիարդ դոլարի առևտրային համաձայնագրին, «կստեղծեն տասնյակ հազարավոր աշխատատեղեր ամերիկացիների համար և կվերադարձնեն կիսահաղորդիչների առաջատար արտադրությունն ԱՄՆ»։
Ավելի վաղ TSMC-ն Ջո Բայդենի վարչակազմի օրոք համաձայնել էր ԱՄՆ-ում արտադրության զարգացման համար ներդնել 65 միլիարդ դոլար։ 2025 թվականի մարտին, Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի մեկնարկից հետո, այդ պարտավորությունն ընդլայնվեց ևս 100 միլիարդ դոլարով։
Սակայն, ինչպես նշում է Financial Times-ը, հայրենի Թայվանից դուրս արտադրության ընդլայնումը բացասաբար է անդրադառնում TSMC-ի շահութաբերության վրա՝ նույնիսկ օտարերկրյա կառավարությունների աջակցության պայմաններում։ Ընկերությունը հայտնել է, որ միջազգային ընդլայնումը և ամենաառաջադեմ չիպերի արտադրության ծավալների ավելացումը տարվա երկրորդ կեսին կհանգեցնեն շահութաբերության մարժայի նվազման։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

