Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները տարվա երկրորդ եռամսյակում նվազել են 6.7%-ով
2026 թվականի երկրորդ եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները, նախնական հաշվարկներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 6.7%-ով՝ կազմելով 277.5 միլիոն սարք։ Այդ մասին հայտնում է International Data Corporation (IDC)-ը։ Այսպիսով, մատակարարումների անկումը շարունակվել է արդեն երկրորդ եռամսյակն անընդմեջ։
Մատակարարումների կրճատումը պայմանավորված է հիշողության չիպերի պակասով և դրանց ռեկորդային բարձր գներով։
«Հիշողության չիպերի արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 300%-ով, և այժմ այն կազմում է ցածր գնային սեգմենտի սարքերի ինքնարժեքի ավելի քան 65%-ը, ինչը գնալով ավելի է դժվարացնում մատչելի մոդելներ արտադրող ընկերությունների գործունեությունը», – նշել է IDC-ի հետազոտությունների ավագ փորձագետ Նաբիլա Փոփալը։ Նրա խոսքով՝ «հիշողության ճգնաժամը» նպաստում է պրեմիում սեգմենտի արտադրողներին և բացասաբար է ազդում բյուջետային սարքեր առաջարկող ընկերությունների վրա։
Փոփալի խոսքով՝ արդեն երկրորդ եռամսյակն անընդմեջ միայն Apple Inc.-ն և Samsung-ը, որոնք ընդգրկված են շուկայի առաջատար հնգյակում, ցուցադրում են վաճառքների աճ։ Apple-ը երկրորդ եռամսյակում գրանցել է ռեկորդային արդյունքներ՝ iPhone 17-ի հաջող վաճառքների և գների սպասվող բարձրացման շուրջ մտահոգությունների շնորհիվ։
«Այս ճգնաժամը սմարթֆոնների շուկան բաժանել է երկու մասի: Վերևում Apple-ն ու Samsung-ն են», – նշել է IDC-ի գլոբալ հաճախորդային սարքերի գծով փոխնախագահ Ֆրանսիսկո Ջերոնիմոն:
Նրա խոսքով՝ այս երկու ընկերությունները գնալով ավելի են առաջ անցնում մրցակիցներից, քանի որ իրենց սարքերի արժեքում հիշողության չիպերի մասնաբաժինը համեմատաբար փոքր է։
«Իսկ ստորին հատվածում տուժում են էժան, զանգվածային արտադրության սարքերի վրա կենտրոնացած արտադրողները, ինչպես նաև նրանց հաճախորդները», – եզրափակել է փորձագետը։
