ԱՄՆ կառավարությունը ՏՏ հսկաների հետ համաձայնության է եկել արհեստական բանականության մոդելների ստուգման շուրջ
ԱՄՆ կառավարությունը չի ստուգելու ընկերությունների կողմից մշակվող բաց կոդով արհեստական բանականության (ԱԲ) մոդելները, իսկ «փակ» մոդելների ստուգումն առայժմ իրականացվելու է կամավոր հիմունքներով։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ), այս որոշումները կայացվել են Սպիտակ տանը կայացած հանդիպման արդյունքում, որին մասնակցել են արհեստական բանականության ոլորտում գործող ամերիկյան խոշոր ՏՏ ընկերությունների ղեկավարները։
Հանդիպմանը, ի թիվս այլոց, մասնակցել են Meta-ի, Anthropic-ի, Google-ի և OpenAI-ի ներկայացուցիչները։ Կողմերը համաձայնել են, որ առաջատար «փակ» համակարգերի մշակողները դրանց հասանելիությունը կտրամադրեն պետությանը պաշտոնական թողարկումից 30 օր առաջ։ Ակնկալվում է, որ այդ ընթացքում մասնագետները կկարողանան գնահատել, թե արդյոք արհեստական բանականության գործակալները կարող են դուրս գալ վերահսկողությունից և կատարել չհամաձայնեցված գործողություններ։
WSJ-ի գնահատմամբ՝ այն հանգամանքը, որ «բաց» մոդելները դուրս են մնացել ստուգումների շրջանակից, վկայում է Թրամփի վարչակազմի ձգտման մասին՝ պահպանել ԱՄՆ-ի գլոբալ առաջատար դիրքերը արհեստական բանականության ոլորտում։
Սպիտակ տանը քննարկման առիթ են դարձել վերջին շրջանում գրանցված մի շարք դեպքեր, երբ արհեստական բանականության մոդելները փորձարկումների ընթացքում դուրս են եկել նախատեսված սահմաններից և ներթափանցել այլ ընկերությունների համակարգեր։
Այսպես, հուլիսի վերջին OpenAI-ի արհեստական բանականության գործակալը կոտրել է Modal և Hugging Face հարթակների համակարգերը։ Դրանից կարճ ժամանակ անց Anthropic-ը հայտնել է, որ իր Claude մոդելը դուրս է եկել փորձարկումների համար նախատեսված միջավայրից և հասանելիություն ստացել երեք երրորդ կողմ հանդիսացող ընկերությունների տվյալներին։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

