Սպորտ և փող. Ինչպես են պատմության 10 ամենահարուստ մարզիկները կուտակել իրենց կարողությունը
Պատմության մեջ աշխարհի 10 ամենահարուստ մարզիկների համատեղ կարողությունը գերազանցում է 22.5 միլիարդ դոլարը։ Վարկանիշում ընդգրկված են ֆուտբոլիստներ, գոլֆիստներ, բասկետբոլիստներ, թենիսիստ և բռնցքամարտիկ։ Ցանկի բոլոր մասնակիցները միլիարդատերեր են, սակայն նրանց կարողության հիմքը կազմել են ոչ միայն մարզական աշխատավարձերն ու մրցանակային գումարները։ Հարստության հիմնական աղբյուրներն են դարձել գովազդային պայմանագրերը, ներդրումները, բիզնեսներում բաժնեմասերը, անվան լիցենզավորումը և անձնական բրենդները։
Ֆլոյդ Մեյվեզեր
49-ամյա ամերիկացի բռնցքամարտիկը 1996 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը կառուցել է բռնցքամարտի պատմության ամենաեկամտաբեր կարիերաներից մեկը և վաստակել ավելի քան 1.57 միլիարդ դոլար։ Նա ավարտել է կարիերան 2017 թվականին՝ ունենալով անթերի արդյունք՝ 50 հաղթանակ և ոչ մի պարտություն։ Սպորտից հեռանալուց հետո Մեյվեզերը ներկայացնում է իրեն որպես գործարար։ 2024 թվականից նա ակտիվորեն խթանում է Նյու Յորքի առևտրային անշարժ գույքի ոլորտում ներդրումները իր սեփական ռիելթորական ընկերության միջոցով։

Ռոջեր Ֆեդերեր
44-ամյա շվեյցարացի թենիսիստը, աշխարհի նախկին առաջին ռակետը և «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթողը ATP շրջագայությունում անցկացրել է 24 տարի։ Նա 310 շաբաթ գլխավորել է տղամարդկանց մենախաղի համաշխարհային վարկանիշը, նվաճել 103 տիտղոս և վաստակել մոտ 131 միլիոն դոլար մրցանակային գումար։ Սակայն Ֆեդերերի՝ 1.67 միլիարդ դոլար գնահատվող կարողության մեծ մասը կապված չէ թենիսից ստացած եկամուտների հետ։ Նրա գլխավոր ակտիվներից մեկը շվեյցարական On կոշիկի և հագուստի արտադրող ընկերությունում ունեցած բաժնեմասն է։

Դևիդ Բեքհեմ
Անգլիացի ֆուտբոլիստը 1.68 միլիարդ դոլար կարողություն ունի։ Նա հայտնի դարձավ որպես «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան՝ թիմի կազմում վեց անգամ հաղթելով Անգլիայի Պրեմիեր լիգան, երկու անգամ՝ Անգլիայի գավաթը, ինչպես նաև Չեմպիոնների լիգան և այլ հեղինակավոր մրցաշարեր։ Բեքհեմը Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 115 հանդիպում և մասնակցել երեք աշխարհի առաջնության։ 2013 թվականին նա ավարտել է 20-ամյա կարիերան։ Այսօր նրա խոշորագույն ակտիվներից մեկը «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբում ունեցած 26% բաժնեմասն է։

Ջեք Նիկլաուս
86-ամյա ամերիկացի գոլֆիստը, որը հայտնի է «Ոսկե արջ» մականունով, հաղթել է բարձր կարգի 18 մրցաշարերում, ինչը մինչ օրս անգերազանցելի ռեկորդ է։ Նրա՝ 1.83 միլիարդ դոլար գնահատվող կարողության հիմքը միայն մարզական հաջողությունները չեն։ Մոտ 50 տարի առաջ Նիկլաուսը հիմնել է Nicklaus Design ընկերությունը, որը նախագծել է ավելի քան 380 գոլֆի դաշտ 36 երկրում։ Նա նաև ունի գոլֆի գնդակների սեփական ապրանքանիշը։

Առնոլդ Պալմեր
Վեցերորդ տեղում է գոլֆի մեկ այլ լեգենդ է։ Նա մահացել է 2016 թվականին՝ 87 տարեկան հասակում։ Գնաճի հաշվառմամբ՝ Sportico-ն նրա կարողությունը գնահատում է 1.85 միլիարդ դոլար։ Իր կարիերայի ընթացքում Պալմերը նվաճել է 92 տիտղոս ազգային և միջազգային մրցաշարերում։ Նա նաև հաջողությամբ զարգացրել է բիզնեսը՝ Arnold Palmer Design ընկերության միջոցով զբաղվելով գոլֆի դաշտերի նախագծմամբ։

Լիոնել Մեսսի
39-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը համարվում է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկը, աշխարհի չեմպիոն է, Կոպա Ամերիկայի կրկնակի հաղթող և «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր։ Մեսսին երկար տարիներ հանդես է եկել «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի կազմում։ Նրա ընդհանուր կարողությունը հասել է 1.99 միլիարդ դոլարի։ Եկամտի հիմնական աղբյուրներից մեկը Adidas-ի հետ կնքված ցմահ գովազդային պայմանագիրն է։

Լեբրոն Ջեյմս
41-ամյա ամերիկացի բասկետբոլիստը NBA-ի առաջին գործող խաղացողն է, որը պաշտոնապես միլիարդատիրոջ կարգավիճակ ստացավ։ «Քլիվլենդ Քավալիերսի», «Մայամի Հիթի» և «Լոս Անջելես Լեյքերսի» կազմում խաղալու ընթացքում Ջեյմսը վաստակել է ավելի քան 500 միլիոն դոլար աշխատավարձ։ Սակայն նրա՝ 2.03 միլիարդ դոլար գնահատվող կարողության մեծ մասը ձևավորվել է գովազդային պայմանագրերի, ներդրումների և բիզնեսներում ունեցած բաժնեմասերի շնորհիվ։ Նա երկար տարիներ համագործակցում է Nike-ի հետ և ներդրումներ է կատարել մի շարք բրենդներում, այդ թվում՝ Beats by Dre-ում։

Կրիշտիանու Ռոնալդու
Պորտուգալացի ֆուտբոլիստի կարողությունը գնահատվում է 2.52 միլիարդ դոլար։ Ռոնալդուն հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան և բազմիցս արժանացել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակներին։ Նա խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալ Մադրիդի» և «Յուվենտուսի» կազմում, իսկ 2023 թվականին միացել է սաուդյան «Ալ-Նասր» ակումբին։ Վարկանիշի տվյալներով՝ սաուդյան ակումբը նրան վճարում է տարեկան ավելի քան 200 միլիոն դոլար։ Ռոնալդուն դարձավ առաջին գործող մարզիկը, որի կարիերայի ընդհանուր եկամուտը գերազանցեց 2 միլիարդ դոլարը։

Թայգեր Վուդս
50-ամյա ամերիկացի գոլֆիստն ունի 2.88 միլիարդ դոլար կարողություն։ Նա հաղթել է «մեյջոր» կարգի 15 մրցաշարերում և այս ցուցանիշով զիջում է միայն Ջեք Նիկլաուսին։ Վուդսը զգալի միջոցներ է ներդրել անշարժ գույքի և բիզնես նախագծերի մեջ։ Նրա ակտիվների թվում են բնակելի համալիրներ, գոլֆի դաշտերի նախագծման ընկերություն, PopStroke էլիտար մինի-գոլֆի ցանցը և Nexxus ընկերությունում մասնակցությունը, որը զբաղվում է բարձրակարգ անշարժ գույքով։

Մայքլ Ջորդան
Պատմության ամենահարուստ մարզիկը 63-ամյա ամերիկացի բասկետբոլիստն է։ Նրա կարողությունը գնահատվում է 4.5 միլիարդ դոլար։ Շատերը Ջորդանին համարում են NBA-ի պատմության լավագույն խաղացողը։ «Չիկագո Բուլզի» կազմում նա նվաճել է վեց չեմպիոնական տիտղոս։ Չնայած խաղային կարիերայի ընթացքում նա ստացել է ավելի քան 90 միլիոն դոլար աշխատավարձ, հիմնական կարողությունը ձևավորվել է Nike, Hanes, Gatorade և այլ խոշոր բրենդների հետ համագործակցության շնորհիվ։ Սպորտից դուրս նրա եկամուտները գնահատվում են 2.4 միլիարդ դոլար։ 2020 թվականին Ջորդանը դարձել է նաև NASCAR-ի թիմի համասեփականատեր և ներդրումներ արել DraftKings ընկերությունում, որը գործում է սպորտային խաղադրույքների ոլորտում։

Վարկանիշը ցույց է տալիս, որ նույնիսկ աշխարհի մեծագույն մարզիկների համար աշխատավարձն ու մրցանակային գումարները միշտ չէ, որ հարստության գլխավոր աղբյուրն են։ Ամենախոշոր կարողությունները ձևավորվում են անձնական բրենդի, գովազդային պայմանագրերի, ներդրումների և բիզնես նախագծերի շուրջ, որոնք եկամուտ են բերում նույնիսկ կարիերայի ավարտից հետո։
