Ջեֆ Բեզոսը չի կարողացել անդամակցել «միլիարդատերերի կղզու» ակումբին
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ինչպես նաև ԱՄՆ նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփը և նրա ամուսին Ջարեդ Քուշները, չեն ընդունվել Ֆլորիդայում՝ համանուն մասնավոր կղզում գտնվող էլիտար Indian Creek Country Club գոլֆի ակումբ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Փետրվարին Բեզոսը, որին կղզում պատկանում է երեք անշարժ գույքի օբյեկտ՝ մոտ 234 մլն դոլար ընդհանուր արժեքով, ներկա էր ակումբի ամենամյա միջոցառմանը։ Պարբերականի պնդմամբ՝ գործարարը հույս ուներ ստանալ ակումբի ղեկավարության աջակցությունը և անդամակցության առաջարկ, սակայն դրանից վեց ամիս անց նա այդպես էլ ակումբի անդամ չդարձավ։
Indian Creek Country Club-ը հիմնադրվել է 1929 թվականին և միավորում է մոտ 350 անդամի։ Ակումբը գտնվում է արհեստական Indian Creek կղզում, որն այնտեղ բնակվող հարուստ մարդկանց պատճառով ստացել է «միլիարդատերերի կղզի» անվանումը։
Ակումբին անդամակցելու համար անհրաժեշտ են գործող անդամների երաշխավորագրերը և 15 հոգուց բաղկացած տնօրենների խորհրդի համաձայնությունը։ Անդամակցության սկզբնական վճարը կազմում է մոտ 1 մլն դոլար, իսկ տարեկան վճարը՝ մոտ 44 հազար դոլար։
Ինչպես նշում է WSJ-ը, Քուշներ ամուսինները նույնպես արդեն մի քանի տարի անհաջող կերպով փորձում են դառնալ ակումբի անդամ։ Dolphins թիմի մարզիչ Դոն Շուլայի այրին՝ Մերի Էնն Շուլան կղզում ընդունելություն էր կազմակերպել՝ զույգին ակումբի ղեկավարության հետ ծանոթացնելու համար, սակայն Քուշներների բնակարանամուտի տոնակատարությանը տնօրենների խորհրդի անդամների միայն մոտ կեսն էր ներկայացել։ WSJ-ի կարծիքով՝ դա վկայում էր, որ ամուսիններին անդամակցություն տրամադրելու մտադրություն չկար։
Պարբերականի աղբյուրները ակումբի փակ բնույթը կապում են նրա վաղեմի անդամների հետ, որոնցից շատերը ներկայացնում են Մայամիում մի քանի սերունդ շարունակ բնակվող ընտանիքներ։ Նրանք հետևում են տեխնոլոգիական, ֆինանսական և այլ ոլորտներից նոր միլիարդատերերի՝ Հարավային Ֆլորիդա ներհոսքին և շարունակում են վճռորոշ դեր ունենալ անդամակցության դիմումների քննարկման ժամանակ։
Կղզում անշարժ գույք ունենալը ակումբի անդամակցության երաշխիք չէ։ WSJ-ը կղզու այն բնակիչների թվում, որոնք ակումբի անդամ չեն, նշում է Meta-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգին, Բեզոսին և Կատարի թագավորական ընտանիքի ներկայացուցիչներին։ Միևնույն ժամանակ, ակումբի անդամներ են դարձել, մասնավորապես, NFL-ի լեգենդ Թոմ Բրեյդին և Goldman Sachs ներդրումային բանկի ղեկավար Դեյվիդ Սոլոմոնը։
Ռիելթոր Դինա Գոլդենթայերի խոսքով՝ Indian Creek Country Club-ը շարունակում է մնալ չափազանց փակ միավորում։
«Համայնքների մեծ մասում, երբ տուն եք գնում, դառնում եք նաև ակումբի անդամ, սակայն այս համայնքը նման կանոնով չի առաջնորդվում», – հայտարարել է նա։
Coldwell Banker-ի զեկույցի համաձայն, որին հղում է անում WSJ-ը, գերհարուստ ամերիկացիներն առանձին առանձնատների փոխարեն սկսել են ձեռք բերել հարևան տներ և հողատարածքներ՝ դրանցից մասնավոր համալիրներ ձևավորելով։
Փաստաթղթում նշվում է, որ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին ԱՄՆ-ում շքեղ բնակելի անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Շինարարության համար նախատեսված հողատարածքների վերաբերյալ հարցումների թիվն աճել է 97%-ով, իսկ մասնավոր կղզիների և կալվածքների նկատմամբ հետաքրքրությունը՝ ավելի քան երկու անգամ։
Մայամիի ռիելթոր Դենի Հերցբերգի խոսքով՝ հարուստ գնորդներն օգտագործում են հարակից օբյեկտները՝ իրենց սեփականությունն ընդլայնելու, անձնակազմի համար տարածքներ տրամադրելու, հանգստի գոտիներ ստեղծելու և գաղտնիությունն ապահովելու նպատակով։ Օրինակ՝ միլիարդատեր ներդրող Քենեթ Գրիֆինը ավելի քան 450 մլն դոլար է ներդրել Palm Beach-ի համալիրում, իսկ Բեզոսն ավելի քան 230 մլն դոլար է ծախսել Indian Creek-ում անշարժ գույք ձեռք բերելու համար։
