Դոնալդ Թրամփի ընտանիքի կրիպտոբիզնեսը պատրաստվում է բանկ դառնալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքին պատկանող World Liberty Financial կրիպտոարժութային ընկերությունը նախնական պայմանական հավանություն է ստացել կարգավորող մարմնից՝ Արժույթի վերահսկիչի գրասենյակից, բանկ ստեղծելու համար։ Վերջնական հաստատման գործընթացի ավարտից հետո World Liberty Trust-ը կգործի որպես ազգային հավատարմագրային բանկ։
ABC News-ի տվյալներով՝ սա առաջին նման դեպքն է ԱՄՆ պատմության մեջ․ նախկինում պետության գործող ղեկավարին և նրա ընտանիքի անդամներին պատկանող ֆինանսական կազմակերպությունները նման կարգավիճակ չեն ստացել։ Բանկային արտոնագրի առկայությունը ընկերությանը իրավունք է տալիս առանց միջնորդների ստաբիլքոյնների թողարկման, ինչպես նաև հնարավորություն է ստեղծում սպասարկելու խոշոր հաճախորդների։
Ոլորտի կարգավորչի գործողությունները կտրուկ քննադատության են ենթարկվել սենատոր Էլիզաբեթ Ուորենի կողմից։ Նա որոշումը բնութագրել է որպես «պաշտոնեական լիազորությունների չարաշահման ամենալկտի դեպքը, որ երբևէ տեսել է ֆինանսական համակարգը» և հայտարարել է, որ մտադիր է օրինագիծ ներկայացնել՝ «նման աննախադեպ կոռուպցիան» կանխելու նպատակով։ Սենատորի կարծիքով՝ նախագահի ընտանիքին պատկանող ընկերությանը բանկային արտոնագիր տրամադրելը նախագահի փաստացի ենթակայության տակ գտնվող մարմնի կողմից ուղղակի շահերի բախում է առաջացնում։
