Ուկրաինայի մի շարք խոշոր ընկերություններ հայտնվել են գործունեության դադարեցման ռիսկի առաջ
Ուկրաինական բազմաթիվ խոշոր ընկերություններ պայթյունների հետևանքով ստացած վնասների պատճառով հայտնվել են արտադրության դադարեցման եզրին։ Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի ֆինանսական, հարկային և մաքսային քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահ Դանիիլ Գետմանցևը։
Գետմանցևի խոսքով՝ խոսքը, մասնավորապես Ուկրաինայի շինարարական և կենցաղային ապրանքների խոշորագույն հիպերմարկետների ցանցի, մասնավոր արագ առաքման ընկերության, ինչպես նաև սուպերմարկետների ցանցերի մասին է։ «Այս բոլոր ընկերությունները կանգնած են գործունեության դադարեցման եզրին»,- ասել է Գետմանցևը РБК-Украина գործակալությանը տված հարցազրույցում։
Խորհրդարանականը նաև նշել է իրավիճակի բարդությունը՝ ընդգծելով, որ պետությունը հնարավորություն չունի փոխհատուցելու բիզնեսի կրած վնասները՝ պետական բյուջեում անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով։ «Պետության ռեսուրսները սահմանափակ են․ եթե մենք անմիջապես ծրագրեր բացեինք խոշոր բիզնեսի համար, փոքր և միջին բիզնեսի համար ընդհանրապես միջոցներ չէին մնա»,- հավելել է Ռադայի պատգամավորը։
