Միլիարդատեր Ռեյ Դալիոն կոչ է արել վաճառել պարտատոմսերը և գնել ոսկի
Ամերիկացի միլիարդատեր Ռեյ Դալիոն ներդրողներին խորհուրդ է տվել նվազեցնել պարտատոմսերի մասնաբաժինը իրենց պորտֆելներում և միջոցների մինչև 15%-ը ուղղել ոսկուն։ Նրա կարծիքով՝ այս քայլը կօգնի ապահովագրվել ԱՄՆ-ում պարտքային ճգնաժամի ռիսկից, որը կարող է սկսվել արդեն երեք տարի անց։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Bridgewater Associates-ի հիմնադիրը խորհուրդ է տալիս դիվերսիֆիկացնել ներդրումները ինչպես ակտիվների դասերի, այնպես էլ ամուր ֆինանսական հիմքեր ունեցող երկրների միջև։ Դալիոյի կարծիքով՝ պարտատոմսերի մասնաբաժնի կրճատումը, մոտ 10-15% ոսկու, ինչպես նաև «փոքր չափով» բիթքոյնի ձեռքբերումը կարող են միաժամանակ նվազեցնել ռիսկերը և բարձրացնել եկամտաբերությունը։ Ֆինանսիստը վաղուց է ահազանգում պետական պարտքի աճի հետ կապված վտանգների մասին։
Միլիարդատիրոջ հաշվարկներով՝ ԱՄՆ կառավարության եկամուտներն ընթացիկ տարում կկազմեն մոտ 5.5 տրիլիոն դոլար, մինչդեռ ծախսերը կհասնեն 7.5 տրիլիոն դոլարի։ Բյուջեի վերջնական դեֆիցիտը, ինչպես սպասվում է, կկազմի 2 տրիլիոն դոլար։ Միևնույն ժամանակ, միայն այս տարի տոկոսների վճարումները կպահանջեն 1 տրիլիոն դոլար, իսկ պարտքի վերաֆինանսավորման համար անհրաժեշտ կլինի մոտ 10 տրիլիոն դոլար։
Դալիոն կողմ է բյուջեի դեֆիցիտը ներկայիս մոտ 6%-ից նվազեցնել մինչև ՀՆԱ-ի 3%-ի։ Նրա առաջարկած լուծումներն են ծախսերի կրճատումը, հարկային եկամուտների ավելացումը և տոկոսադրույքների նվազեցումը։
Դալիոն նշել է, որ նմանատիպ ֆինանսական խնդիրների բախվում են նաև այլ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը և Ճապոնիան։
