Shein-ը IPO-ի միջոցով նախատեսում է ներգրավել մինչև 1.8 մլրդ դոլար՝ մոտ 27 մլրդ դոլար գնահատմամբ
Հագուստի առցանց մանրածախ վաճառող Shein Global Holdings Ltd.-ն Հոնկոնգում IPO անցկացնելու հայտ է ներկայացրել և նախատեսում է ներգրավել մինչև 1.8 մլրդ դոլար, հաղորդում է Bloomberg-ը։ Ընկերության բաժնետոմսերի առևտուրը նախատեսվում է սկսել մոտակա ժամանակներս։
Shein-ը Հոնկոնգի բորսայում կտեղաբաշխի 280 մլն բաժնետոմս՝ մեկ բաժնետոմսի համար 47.60–49.50 հոնկոնգյան դոլար գնով։ Այդ միջակայքում ընկերության շուկայական կապիտալիզացիան կկազմի մոտ 25.7–26.8 մլրդ դոլար։
Տեղաբաշխման կազմակերպիչներն են Goldman Sachs-ը, Morgan Stanley-ն և JPMorgan Chase-ը։ Ներգրավված միջոցները նախատեսվում է ուղղել տեխնոլոգիաների զարգացմանը, մարքեթինգին, ապրանքանիշի ճանաչելիության բարձրացմանը և կորպորատիվ կարիքներին։
Shein-ի գնահատումը վերջին տարիներին զգալիորեն նվազել է։ 2022 թվականին ընկերությունը գնահատվում էր 100 մլրդ դոլար, իսկ 2023 թվականին՝ 66 մլրդ դոլար։ 2026 թվականի առաջին եռամսյակում Shein-ը գրանցել է 99 մլն դոլար զուտ վնաս՝ մեկ տարի առաջ արձանագրված 395 մլն դոլար շահույթի դիմաց։
Ընկերությունը մի քանի տարի փորձել է IPO անցկացնել ԱՄՆ-ում և Լոնդոնում, սակայն բախվել է կարգավորող խոչընդոտների։ 2025 թվականի ամռանը Shein-ը Հոնկոնգում ցուցակման հայտ ներկայացրեց և մեկ տարի անց ստացավ չինական կարգավորող մարմնի հավանությունը։
