AMD-ն 8.2 մլրդ դոլարով ձեռք կբերի արհեստական բանականության World Labs մշակողին
Ամերիկյան AMD ընկերությունը համաձայնագիր է կնքել արհեստական բանականության ոլորտում գործող World Labs ստարտափը 8.2 մլրդ դոլարով ձեռք բերելու վերաբերյալ, հայտնում է CNBC-ն։ Գործարքն ամբողջությամբ կվճարվի գնորդ ընկերության բաժնետոմսերով։
Սան Ֆրանցիսկոյում գտնվող World Labs-ը մշակում է արհեստական բանականության տարածական մոդելներ՝ եռաչափ միջավայրերի մոդելավորման համար։ Փորձագետների ակնկալիքով՝ այս տեխնոլոգիաները կօգնեն ռոբոտների և ֆիզիկական միջավայրում կիրառվող այլ համակարգերի ստեղծմանը։
AMD-ի համար սա պատմության մեջ երկրորդ խոշորագույն ձեռքբերումն է՝ 2022 թվականին Xilinx-ը 50 մլրդ դոլարով ձեռք բերելուց հետո։ Չիպեր արտադրող ընկերությունն ավելի վաղ արդեն ներդրումներ էր կատարել այս ստարտափում, իսկ նոր հետազոտությունները ընկերությանը հնարավորություն կտան նախապես պլանավորել ապագա պրոցեսորների ճարտարապետությունը։
World Labs նախագիծը հիմնադրել է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր և Google-ի արհեստական բանականության ստորաբաժանման նախկին ղեկավար Ֆեյ-Ֆեյ Լին։ Ինչպես նշել է ստարտափի հիմնադիրը, ինտելեկտուալ գործակալները՝ լինեն դրանք ռոբոտներ, տրանսպորտային միջոցներ, թե գործիքներ, կարող են ֆիզիկայի օրենքները հաշվի առնող հագեցած թվային աշխարհներում սովորել դեռևս իրականություն տեղափոխվելուց առաջ, ինչը դրանք շատ ավելի անվտանգ է դարձնում։ Ակնկալվում է, որ գործարքի ավարտից հետո, որը նախատեսվում է ընթացիկ տարվա վերջին, նա կզբաղեցնի AMD-ի գլխավոր գիտական տնօրենի և գործադիր փոխնախագահի պաշտոնը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

