Ով է կարողացել «փող աշխատել» 2026 թվականին
Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսը ցույց է տվել տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկատերերը կարողացել են «փող աշխատել» ու ունենալ կարողությունների ռեկորդային աճ տարվա առաջին ինն ամիսներին։ Միևնույն ժամանակ, այլ ոլորտների միլիարդատերերը միասին վերցրած գումար են կորցրել։
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանցից շուրջ 100 տեխնոլոգիական միլիարդատերերի ընդհանուր կարողությունը տարվա առաջին ինն ամիսներին աճել է 845 մլրդ դոլարով։ Սա այդ ժամանակահատվածի համար երբևէ գրանցված ռեկորդային աճն է:
Հոդվածի համաձայն՝ աճի հիմնական շարժիչները նույն գործոններն են, որոնք աջակցել են համաշխարհային շուկաներին՝ արհեստական բանականության բումը և տեխնոլոգիական բաժնետոմսերի սրընթաց աճը, հատկապես ԱՄՆ-ում։ Bloomberg-ը գրում է, որ տեխնոլոգիական միլիարդատերերի ընդհանուր կարողությունն այժմ կազմում է 4.6 տրլն դոլար՝ ինդեքսի մասնակիցների ընդհանուր կարողության 36%-ը, թեև նրանք կազմում են ցուցակի ընդամենը մոտ մեկ հինգերորդը։
Տարբերությունը հատկապես նկատելի է։ Ինչպես նշում է գործակալությունը, տեխնոլոգիական ոլորտից դուրս իրենց կարողությունը կուտակած միլիարդատերերը այդ ժամանակահատվածում միասին կորցրել են 62 մլրդ դոլար, մինչդեռ ինդեքսի մասնակիցների կարողության ընդհանուր աճի 94%-ը բաժին է ընկել ամերիկացիներին։ Հոդվածում նշվում է, որ սեպտեմբերի 10-ից ի վեր աշխարհի 10 ամենահարուստ մարդիկ բոլորը ամերիկացիներ են։ Միլիարդատերերի կարողություններին հետևելուց ի վեր՝ Bloomberg-ը նման իրավիճակ առաջին անգամ է արձանագրվում։
Աճը մեծապես ապահովել են նաև ցուցակի վերին հորիզոնականներում գտնվող միլիարդատերերը։ Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի կարողությունը տարվա սկզբից մինչև սեպտեմբերի վերջ աճել է 310 մլրդ դոլարով՝ կազմելով ինդեքսի մասնակիցների ընդհանուր կարողության աճի մոտ 40%-ը։ Հունիսին նա կարճ ժամանակով դարձավ աշխարհում առաջին տրիլիոնատերը՝ իր SpaceX ընկերությունը արհեստական բանականության ոլորտում գործող xAI ընկերության հետ միաձուլելուց և միավորված ընկերության՝ ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո։
Լրատվական գործակալության նյութերի համաձայն՝ աշխարհի 10 ամենահարուստ մարդկանցից ինը իրենց կարողության համար պարտական են ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին։ Bloomberg-ի տվյալներով՝ Dell Technologies-ի հիմնադիր Մայքլ Դելի կարողությունն աճել է 81%-ով՝ հասնելով 254 մլրդ դոլարի՝ ընկերության տվյալների մշակման կենտրոնների հատվածում վաճառքների սրընթաց աճի ֆոնին։ Մարկ Ցուկերբերգի կարողությունը տարվա սկզբից աճել է 23 մլրդ դոլարով այն բանից հետո, երբ Meta Platforms-ի բաժնետոմսերը սեպտեմբերին թանկացել են 27%-ով։ Սա ընկերության բաժնետոմսերի համար գրեթե չորս տարվա լավագույն ամիսն էր։ Աճը գրանցվել է նոր անհատական արհեստական բանականության օգնական Muse-ի գործարկումից հետո:
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը հունիսի կեսերին հասել է 13.4 տրլն դոլարի։ Այդ ժամանակից ի վեր, Bloomberg-ի տվյալներով, այն նվազել է 6%-ով՝ հասնելով 12.6 տրլն դոլարի՝ շուկաների աճի դանդաղման և արհեստական բանականության հետ կապված մի շարք խոշոր ընկերությունների հեռանկարների նկատմամբ աճող կասկածների ֆոնին։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

