OpenAI-ը շտապում է ներգրավել 30 մլրդ դոլար՝ ընկերության ավելի քան 1.4 տրլն դոլար գնահատմամբ՝ Anthropic-ի IPO-ից առաջ
Ամերիկյան OpenAI ընկերությունը շտապում է ներդրումային նոր փուլ անցկացնել՝ ընկերության հնարավոր ընդհանուր արժեքը 1.4 տրլն դոլարից բարձր գնահատմամբ, մինչև նոյեմբերի կեսերին սպասվող մրցակից Anthropic-ի IPO-ն։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնում է Reuters-ը։
Նրանց խոսքով՝ անսովոր սեղմ ժամկետները մասամբ պայմանավորված են ներդրողների միջոցների համար պայքարում Anthropic-ից առաջ անցնելու ցանկությամբ։ Գործակալության զրուցակիցները հավելում են, որ OpenAI-ը ցանկանում է նաև օգտվել նոր մոդելների գործարկումից հետո գրանցված եկամուտների վերջին աճից։
ChatGPT-ի մշակողը նախատեսում է ներգրավել շուրջ 30 մլրդ դոլար և բանակցություններ է վարում գործող ներդրողների, այդ թվում՝ ճապոնական SoftBank Group-ի և Աբու Դաբիում գործող MGX-ի հետ, հայտնել է աղբյուրներից մեկը։
OpenAI-ին անհրաժեշտ է կապիտալ՝ ենթակառուցվածքների ծախսերը ֆինանսավորելու և ֆինանսական դիրքերն ամրապնդելու համար։ Սա կարևոր է նաև այն դեպքում, եթե հաջորդ տարի նախատեսված IPO-ն ստիպված լինեն հետաձգել շուկայական իրավիճակի վատթարացման պատճառով, նշում են ընկերությանը ծանոթ ներդրողները։
OpenAI-ի ներդրումային նախորդ փուլը տեղի է ունեցել մարտին։ Ներգրավված միջոցների ծավալը ռեկորդային 122 մլրդ դոլար էր, իսկ ընկերության ընդհանուր արժեքը գնահատվել էր 852 մլրդ դոլար։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

