Գերմանական ավտոարդյունաբերությունը Չինաստանում դիրքերն ամրապնդելու միջոց է գտել
Audi-ն իր ապրանքանիշերը կբաժանի չինական երկու գործընկերների միջև՝ վաճառքների երկարատև անկման ֆոնին։ Այսպիսով, Volkswagen AG-ի ստորաբաժանումը հույս ունի ամրապնդել դիրքերը չինական շուկայում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Համաձայնագրի տեքստի համաձայն՝ China FAW Group-ը կկենտրոնանա ներքին այրման շարժիչներով պրեմիում դասի ավտոմեքենաների և էլեկտրամոբիլների հատվածում Audi-ի բիզնեսի զարգացման վրա՝ պահպանելով չորս օղակներով ավանդական տարբերանշանով ապրանքանիշը։ Իր հերթին, SAIC Motor Corp.-ը կզբաղվի AUDI ապրանքանիշի զարգացմամբ, որի անվանումը գրվում է մեծատառերով, իսկ տարբերանշանը չի պարունակում չորս օղակները։ Այս ապրանքանիշի ներքո կարտադրվեն հատուկ չինական շուկայի համար մշակված էլեկտրամոբիլներ։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Audi-ն բախվում է Չինաստանում վաճառքների անկման։ 2025 թվականին ընկերությունը չինական շուկա է մատակարարել շուրջ 618 հազար ավտոմեքենա, ինչը 5%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ 2026 թվականին անկումն արագացել է․ մատակարարումները կրճատվել են մոտ 19%-ով՝ հասնելով 233 հազար ավտոմեքենայի։
Audi-ի բիզնեսի վերակազմավորումն արտացոլում է եվրոպական պրեմիում դասի ավտոարտադրողների ընդհանուր խնդիրները․ նրանք բախվում են Չինաստանում պահանջարկի թուլացման և գնային մրցակցության սրման հետ։ Տեղական ավտոարտադրողները, այդ թվում՝ BYD Co.-ն, Xiaomi Corp.-ն և Aito-ն, ամրապնդել են իրենց դիրքերը շուկայի ավելի թանկ հատվածներում։ Նրանք հայտնի արտասահմանյան ապրանքանիշերի հետ մրցակցում են մոդելային շարքի հաճախակի թարմացման և ժամանակակից թվային տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ։
Չինաստանը շարունակում է մնալ Audi-ի խոշորագույն ազգային շուկան․ նախորդ տարի այդ երկրին բաժին է ընկել ընկերության համաշխարհային մատակարարումների շուրջ 38%-ը։ Հետևաբար, Չինաստանում վաճառքների վերականգնումը վճռորոշ նշանակություն ունի ընկերության ընդհանուր բիզնեսի արդյունքների համար։ Ապրանքանիշերը գործընկերների միջև բաժանելուց բացի՝ Audi-ն վերջերս Չինաստանում իր ստորաբաժանման նախագահի պաշտոնում նշանակել է Ջեֆ Չժանին, որը նախկինում ղեկավար պաշտոն է զբաղեցրել տեղական Chery Automobile Co. ավտոարտադրող ընկերությունում։
Չինաստանում չորս օղակներով ավանդական տարբերանշանով Audi-ի մոդելային շարքը ներառում է A6L e-tron և Q6L e-tron մոդելները, ինչպես նաև A5L-ի և A6L-ի նոր սերունդները։
Իր հերթին, AUDI ապրանքանիշը 2025 թվականին ներկայացրել է իր առաջին մոդելը՝ E5 սպորտային ֆաստբեքը։ 2026 թվականին դրան հաջորդել է E7X ամենագնացը։ Բացի այդ, գործընկերները Շանհայում բացել են AUDI-ի նորարարական տեխնոլոգիական կենտրոնը՝ նոր ավտոմեքենաների համատեղ մշակման նպատակով։
Հայտարարության համաձայն՝ SAIC Audi-ն կկարողանա մինչև 2027 թվականի վերջը շարունակել չորս օղակներով ավանդական տարբերանշանով ավտոմեքենաների վաճառքը։ Միևնույն ժամանակ, ինչպես Audi-ի, այնպես էլ AUDI ապրանքանիշի ավտոմեքենաների հետվաճառքային սպասարկումը կշարունակվի սովորական ռեժիմով։
Ընկերությունը չի բացահայտել համաձայնագրերի ֆինանսական պայմանները և չի ներկայացրել վաճառքի կոնկրետ ծրագրեր ապրանքանիշերից որևէ մեկի համար։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

