DeepSeek-ի հիմնադիրն առաջին անգամ հայտնվել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
DeepSeek-ի հիմնադիր Լյան Վենֆենն առաջին անգամ ընդգրկվել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշում՝ Hurun Research Institute-ի վարկածով։ Նրա կարողությունը գնահատվել է 280 մլրդ յուան (շուրջ 42 մլրդ դոլար), ինչը նրան ապահովել է ցուցակի յոթերորդ հորիզոնականը։ Այս վարկանիշը հաճախ անվանում են Forbes-ի չինական համարժեք։
Վարկանիշի առաջատարը շարունակում է մնալ ByteDance-ի հիմնադիր Չժան Իմինը՝ 670 մլրդ յուան (100 մլրդ դոլար) կարողությամբ։ Երկրորդ տեղում է շշալցված ջրի Nongfu Spring ապրանքանիշի հիմնադիր Չժոն Շանշանը՝ 410 մլրդ յուան (61 մլրդ դոլար) կարողությամբ։ Լավագույն եռյակը եզրափակում է CATL էլեկտրական մարտկոցների արտադրողի հիմնադիր Ցզեն Յույցյունը՝ 385 մլրդ յուան (58 մլրդ դոլար) կարողությամբ։
Չորրորդ տեղում է Tencent-ի ղեկավար Մա Հուատենը՝ 346 մլրդ յուան (52 մլրդ դոլար) կարողությամբ։ Հինգերորդ տեղը զբաղեցրել է Midea կենցաղային տեխնիկայի արտադրողի հիմնադիր Հե Սյանցզյանի ընտանիքը՝ 310 մլրդ յուան (46 մլրդ դոլար) կարողությամբ։ Վեցերորդ հորիզոնականում են Hengli կոնգլոմերատի հիմնադիրներ Չեն Ցզյանհուան և Ֆան Հունվեյը՝ ընդհանուր 302 մլրդ յուան (45 մլրդ դոլար) կարողությամբ։
Լյան Վենֆենն առաջ է անցել NetEase ինտերնետային ընկերության հիմնադիր Դին Լեյից, որը 275 մլրդ յուան (41 մլրդ դոլար) կարողությամբ իջել է ութերորդ հորիզոնական։
Իններորդ տեղը կիսում են Լի Կաշինը և Վիկտոր Լին՝ հայր և որդի, որոնք ներկայացնում են հոնկոնգյան CK Infrastructure ընկերությունը։ Hurun Research Institute-ը նրանց ակտիվները գնահատել է 253 մլրդ յուան (38 մլրդ դոլար)։ Լավագույն տասնյակը եզրափակում է արհեստական բանականության համար չիպեր արտադրող Cambricon ընկերության գլխավոր տնօրեն Չեն Տյանշին՝ 205 մլրդ յուան (31 մլրդ դոլար) կարողությամբ։
Ընդհանուր առմամբ, վարկանիշի նոր ցանկում ընդգրկվել է 1 529 ձեռնարկատեր, որոնց անձնական կարողությունը գերազանցում է 5 մլրդ յուանը (750 մլն դոլարը)։ Սա 95-ով ավելի է, քան նախորդ տարի, և ռեկորդային ցուցանիշ է վարկանիշի ամբողջ պատմության ընթացքում։
