Ինչպես է Apple-ը 2.7 մլրդ դոլար խնայել հարկերի վճարման հաշվին
Apple-ը 2.7 մլրդ դոլար է խնայել հարկերի վճարման հաշվին՝ շահույթը Սինգապուր ուղղորդելու միջոցով։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով ընկերության տարեկան հաշվետվության հետ մեկտեղ հրապարակված տվյալները։
2026 թվականին Apple-ը իր ասիական կենտրոնի միջոցով արձանագրել է մինչև 50 մլրդ դոլարի շահույթ։
Պարբերականն ընդգծում է, որ նախկինում Apple-ի հիմնական հարկային ապաստարանը համարվում էր Իռլանդիան, որտեղ գտնվում է կորպորացիայի եվրոպական կենտրոնակայանը։ Սակայն նոր տվյալները ցույց են տալիս, որ Սինգապուրում հարկերի խնայողությունը (2.7 մլրդ դոլար) այժմ գերազանցում է իռլանդական կառույցի միջոցով ստացված հարկային արտոնությունների չափը (2.6 մլրդ դոլար)։
«Թեև Apple-ի կախվածությունն Իռլանդիայից բացահայտվել է ավելի քան մեկ տասնամյակ առաջ, Սինգապուրում հարկային խնայողությունների ծավալը չափազանց կարևոր բացահայտում է», – նշել է Fact Coalition-ի համատնօրեն Զորկա Միլինը։
Այստեղ առանցքային մեխանիզմը շահույթի տեղափոխումն է (profit shifting)։ Դուստր ընկերությունների միջև վաճառքի գործարքները Apple-ին հնարավորություն են տալիս բարձր հարկադրույքներ ունեցող երկրներից եկամուտները տեղափոխել ավելի ցածր հարկերով իրավազորություններ։
Սինգապուրում Apple-ի խոշորագույն դուստր ընկերությունը գործում է որպես մարքեթինգային կենտրոն և զբաղվում մտավոր սեփականության մշակմամբ։ Դա ընկերությանը հնարավորություն է տալիս շահույթի մի մասը օրինական ճանապարհով կուտակել Սինգապուրում։
Այս տարի Apple-ի հարկային վճարումների ընդհանուր ծավալը կազմել է 27 մլրդ դոլար։ Եթե ընկերությունն իր ամբողջ համաշխարհային շահույթից վճարեր ԱՄՆ-ում գործող 21% դաշնային հարկը, ապա հարկային պարտավորությունների գումարը կկազմեր 33 մլրդ դոլար։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) սահմանած 15% շեմը կորպորատիվ շահույթի համաշխարհային նվազագույն հարկադրույքն է, որը ներդրվել է միջազգային հարկային բարեփոխումների շրջանակում։ Դրա հիմնական նպատակն է դադարեցնել պետությունների միջև հարկային մրցակցությունը՝ հարկադրույքների շարունակական նվազեցման միջոցով։
FT-ն ընդգծում է, որ թեև Սինգապուրն ու Իռլանդիան իրենց օրենսդրությունը համապատասխանեցրել են ՏՀԶԿ-ի կանոններին, այդ երկրներից կորպորացիաների զանգվածային արտահոսք տեղի չի ունեցել։ Ավելին՝ Սինգապուրին հաջողվել է վերադարձնել միջոցների մի մասը, այսպես կոչված, լրացուցիչ հարկի (top-up tax) մեխանիզմի միջոցով՝ 2026 թվականին Apple-ից ստանալով 2.5 մլրդ դոլար։
TaxWatch վերլուծական կենտրոնի փորձագետները նշում են, որ սահմանված 15% նվազագույն շեմը համեմատաբար ցածր է, ինչը թույլ է տալիս ընկերություններին շարունակել հարկերի օպտիմալացման իրենց ավանդական գործելակերպը։
