ԵՄ-ում զգուշացրել են սառնարաններից հետո հաքերների հնարավոր հաջորդ թիրախների մասին
Եվրոպական սուպերմարկետների սառնարանային համակարգերի դեմ կիբերհարձակումներից հետո հաքերների հաջորդ թիրախները կարող են դառնալ երթուղիչները և կենցաղային տեխնիկան։ Այս մասին հայտարարել է Եվրամիության կիբեռանվտանգության գործակալության (ENISA) գործադիր տնօրեն Յուհան Լեպասարը՝ եվրոպական երկրներին կոչ անելով ավելացնել կիբեռանվտանգության ոլորտում ներդրումները, հաղորդում է South China Morning Post-ը (SCMP)։
«Այսօր թիրախում սառնարաններն էին, վաղը կարող են լինել երթուղիչները, իսկ մյուս օրը՝ կենցաղային տեխնիկան», — հայտարարել է Լեպասարը։
ENISA-ի ղեկավարի խոսքով՝ թվային համակարգերի խոցելիությունները սպառնում են ոչ միայն կենցաղային սարքավորումներին, այլև կենսական նշանակության ծառայություններին, այդ թվում՝ ոստիկանության, հրշեջ ծառայությունների, հիվանդանոցների և տրանսպորտային համակարգերի աշխատանքին։
Նա ընդգծել է, որ արտադրողները պետք է կիբեռանվտանգության մեխանիզմները ներառեն սարքավորումների նախագծման սկզբնական փուլից։ Նման հարձակումները հնարավոր է կանխել, սակայն դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ ներդրումներ։
Լեպասարը նաև աջակցել է ENISA-ի աշխատակազմն ու ռեսուրսները կրկնապատկելու ԵՄ նախաձեռնությանը՝ նշելով, որ նույնիսկ այդ միջոցները կարող են բավարար չլինել։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Փարիզը ձգտելու է ԵՄ մակարդակով պատժամիջոցներ սահմանել ֆրանսիական սուպերմարկետների սառնարանային սարքավորումների դեմ կիբերհարձակումների պատասխանատուների նկատմամբ։
Ֆրանսիական իշխանությունները հարձակման պատասխանատվությունը վերագրում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) և իրանական Shahid Kaveh խմբավորմանը։
Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Իրանի ենթադրյալ մասնակցության վերաբերյալ։ Հետաքննության շրջանակում ուսումնասիրվում են, մասնավորապես, պարսկերենի օգտագործման և Իրանում գտնվող սարքերի հետ կապված IP հասցեների վերաբերյալ տվյալները։
Ֆրանսիայի ԱԳՆ-ի տեղեկություններով՝ հարձակման են ենթարկվել ավելի քան 700 առևտրային օբյեկտների սառնարանային համակարգերի կառավարման սարքերը։ Դրա հետևանքով վնասվել են սարքավորումներ, առաջացել են հրդեհներ, իսկ փչացած սննդամթերքի արժեքը կազմել է տասնյակ միլիոնավոր եվրո։
Նմանատիպ խափանումներ և կիբերհարձակումներ են արձանագրվել նաև եվրոպական մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ Բելգիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում։
Հարձակման ենթարկված սարքավորումներում օգտագործվել են, մասնավորապես, դանիական Danfoss ընկերության արտադրած կարգավորիչները։ Դրանցում հայտնաբերված խոցելիությունները թույլ էին տալիս շրջանցել գաղտնաբառի ստուգումը և հեռավար հրամաններ կատարել։
Թեև արտադրողը թողարկել էր անվտանգության թարմացումներ, ոչ բոլոր օգտատերերն էին դրանք տեղադրել։
Եվրոպական կառույցները զգուշացնում են, որ թվային սարքավորումների անվտանգության թերությունները կարող են հանգեցնել ոչ միայն տեխնիկական խափանումների, այլև զգալի տնտեսական վնասների՝ ընդգծելով կիբեռանվտանգության ոլորտում ներդրումների և ենթակառուցվածքների պաշտպանության անհրաժեշտությունը։
