Mercedes-Benz-ը դադարեցնում է ներդրումները Գերմանիայի իր գործարաններում
Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողը դադարեցնում է Գերմանիայում գործող իր գործարաններում բոլոր ներդրումները և դիտարկում որոշ արտադրական ձեռնարկություններ փակելու հնարավորությունը՝ երկրում արտադրության բարձր ծախսերը հաղթահարելու նպատակով։ Այս մասին, հղում անելով իր տրամադրության տակ հայտնված ընկերության ներքին փաստաթղթին, հայտնում է Reuters-ը։
Mercedes-Benz-ը ներդրումները դադարեցնելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ չի կարողացել արտադրական խորհրդի և արհմիության հետ համաձայնության գալ աշխատուժի ծախսերը կրճատելու միջոցառումների շուրջ։
«Մենք համատեղ որոշում ենք կայացրել դադարեցնել Գերմանիայում մեր ձեռնարկություններում հետագա բոլոր ներդրումները», – հայտարարել է ընկերության արտադրության գծով տնօրեն Միխայել Շիբեն։
Ավտոարտադրողը փորձել է աշխատակիցների հետ համաձայնեցնել ծախսերի խնայողության միջոցառումները։ Սեպտեմբերին Շիբեն անձնակազմին զգուշացրել էր, որ այս հարցում առաջընթացի բացակայության դեպքում ընկերությունը կարող է փակել Գերմանիայում գործող երկու գործարան։
Mercedes-Benz-ի վարչության անդամ Բրիտա Զեգերը, որի խոսքերը մեջբերված են փաստաթղթում, նշել է, որ բոլորը ցանկանում են ամեն գնով խուսափել գործարանների փակումից։
«Սակայն, ցավոք, այժմ մենք ստիպված ենք ավելի մանրամասն դիտարկել նաև այդ տարբերակը», – ասել է նա։
Mercedes-Benz-ի՝ ներդրումները դադարեցնելու որոշումը վկայում է Գերմանիայի ավտոմոբիլային արդյունաբերության ճգնաժամի խորացման մասին։ Այն արդեն հանգեցրել է Volkswagen-ի պատմության մեջ վերակազմավորման ամենախոշոր ծրագրին և սպառնում է երկրի տնտեսության առանցքային ոլորտում տասնյակ հազարավոր աշխատատեղերի։
Ճգնաժամի արագ տարածման մասին ամբողջ մատակարարման շղթայով է վկայում նաև ավտոմոբիլային բաղադրիչներ արտադրող Schaeffler ընկերության հայտարարությունը։ Անցյալ շաբաթ այն հայտնել էր Եվրոպայում շուրջ 3.5 հազար աշխատատեղ կրճատելու և հինգ արտադրական ձեռնարկություն փակելու ծրագրերի մասին, որոնցից չորսը՝ Գերմանիայում։
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը ուշադիր հետևում է Mercedes-Benz-ի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացմանը՝ գործարաններում ներդրումները դադարեցնելու որոշումից հետո։ Այս մասին Reuters-ին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը՝ չհրապարակելով իր անունը։ Նրա խոսքով՝ ընկերությունն ինքնուրույն է կայացնում որոշումները և, ի վերջո, պետք է հիմնավորի դրանք։
2026 թվականի սկզբից Mercedes-Benz-ի շուկայական կապիտալիզացիան նվազել է 32%-ով։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

