Իլոն Մասկ․ ԱՄՆ տրանսպորտի նախարարը հրաժարվել է Starlink-ի անվճար ծառայություններից
SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆիին առաջարկել է Starlink արբանյակային կապի անվճար ծառայություններ տրամադրել ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը (FAA)։
Նրա խոսքով՝ Դաֆին մերժել է առաջարկը։ Հայտարարությունն արվել է ԱՄՆ-ում՝ ավիահաղորդակցության լայնածավալ խափանումների ֆոնին։
«Ինչպես արդեն ասել եմ՝ Ավիացիայի նախարար Դաֆիին առաջարկվել են Starlink-ի անվճար ծառայությունները FAA-ի համար, սակայն նա ասել է, որ դրանց կարիքը չկա։ Պարզվեց՝ դրանք անհրաժեշտ էին», – գրել է Մասկը X սոցիալական ցանցում։
Հրապարակմանը Մասկը կցել է 2025 թվականի փետրվարի իր հայտարարությունը, որում FAA-ի ծրագրային ապահովման վիճակը բնութագրել էր որպես «հնացած համակարգ, որի հնարավորություններն արագորեն նվազում են»։
2026 թվականի նոյեմբերի 13-ին ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) հեռահաղորդակցության ցանցում տեղի ունեցած լայնածավալ խափանման պատճառով ժամանակավորապես դադարեցրել էր օդանավերի թռիչքները երկրի ամբողջ տարածքում։ Գերատեսչության տվյալներով՝ խնդիրներն առաջացել էին սարքավորումների փոխարինման ընթացքում և հանգեցրել կապի ու ռադիոլոկացիոն տվյալների փոխանցման համակարգերի աշխատանքի խափանումների։ Խնդիրներն ազդել էին օդային երթևեկության կառավարման 22 կենտրոններից 17-ի վրա։
Մեկ օրվա ընթացքում ավիաընկերությունները չեղարկել էին շուրջ 12500 չվերթ, թեև ոչ բոլոր չեղարկումներն էին ուղղակիորեն կապված համակարգի խափանման հետ։
