Amazon-ի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Ջեյմս Բոնդի նոր դերակատարի ընտրության մասին
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ ակտիվ մասնակցություն է ունեցել Ջեյմս Բոնդի դերի համար Ռոբերտ Փաթինսոնի ընտրության գործընթացին։ Գործարարն այդ մասին պատմել է Semafor Silicon Valley & The World համաժողովի ժամանակ։
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, սկզբնական փուլում ֆիլմի ստեղծողները դիտարկել են մեծ թվով դերասանների, սակայն ընտրության եզրափակիչ փուլ են անցել միայն հինգ թեկնածուներ։ Նրանցից յուրաքանչյուրը մասնակցել է կինոփորձերի՝ կատարելով երեքական տեսարան։
Բեզոսի խոսքով՝ ինքը և ֆիլմի ռեժիսոր Դենի Վիլնյովն ի սկզբանե նախապատվությունը տվել են քիչ հայտնի դերասաններին։ Սակայն Փաթինսոնի մասնակցությամբ փորձերը դիտելուց հետո նրանց կարծիքը փոխվել է։
«Կինոփորձերից հետո միանգամայն ակնհայտ դարձավ, որ հենց նա է Ջեյմս Բոնդը», – հայտարարել է գործարարը։
Բեզոսը նշել է, որ վերջնական որոշումն ընդունվել է եզրափակիչ փուլ անցած դերասանների մասնակցությամբ տեսագրությունները մի քանի ժամ քննարկելուց հետո։ Միաժամանակ նա խոստովանել է, որ Փաթինսոնի մեջ զգացել է «ինչ-որ առանձնահատուկ բան»։
2025 թվականին Amazon-ը ստեղծագործական վերահսկողություն է ստացել Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի նկատմամբ՝ դրա համար, ըստ The Guardian-ի տվյալների, վճարելով ավելի քան 1 մլրդ դոլար։ Ավելի վաղ՝ 2022 թվականին, ընկերությունը 8.5 մլրդ դոլարով ձեռք էր բերել MGM կինոստուդիան։
Կինոարդյունաբերության փորձագետները չեն բացառում, որ Amazon-ը կարող է ընդլայնել Ջեյմս Բոնդի ֆիլմաշարը՝ հետևելով Marvel-ի օրինակին և թողարկելով ֆիլմեր ու սերիալներ՝ նվիրված Ջեյմս Բոնդի տիեզերքի այլ կերպարներին։
