Վարչապետի շնորհակալագիր՝ Beeline-ի ղեկավար Անդրեյ Պյատախինին
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին հանձնեց ՀՀ վարչապետի շնորհակալագիրը:
Կայուն զբաղվածություն ապահովելու, արժանապատիվ աշխատանքի և կորպորատիվ բարձր պատասխանատվության համար ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից Beeline-ի գլխավոր տնօրեն պարոն Անդրեյ Պյատախինը խրախուսվեց շնորհակալագրով:
ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը հանձնելով շնորհակալագիրը նշեց,- «Թույլ տվեք շնորհավորել և ՀՀ վարչապետի կողմից փոխանցել Ձեզ շնորհակալագիրը: Ես վստահ եմ, որ Հայաստանում Beeline-ի գործունեության՝ ի դեմս գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի նվիրված աշխատանքի գնահատումն էլ ավելի կնպաստի կազմակերպության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործունեության հետագա զարգացմանն ի նպաստ Հայաստանի սոցիալ-տնտեսական բարելավման և կայունացման»:
«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Կարեն Կարապեստյանին իմ աշխատանքին տրված բարձր գնահատականի համար և ցանկանում եմ ընդգծել, որ այս մրցանակը Beeline-ի անձնակազմի ընդհանուր հաղթանակն է: Մեր աշխատակիցներից յուրաքանչյուրը, անկախ աշխատանքից կամ պաշտոնից, գիտակցում է իր պատասխանատվությունը հաճախորդների առջև և մենք անում հնարավոր ամեն ինչ, որպեսզի բոլորն զգան մեր սերն ու հոգատարությունը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ ընտրությունն իրականացվել է կայուն աշխատատեղեր և արժանապատիվ աշխատանք ապահովելու կորպորատիվ սոցիալ պատասխանատվության ոլորտում ակտիվ գործունեության և երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման մեջ ունեցած ներդրման համար:
Մասնավորապես, նշվել է Beeline-ի «Make your mark» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանում հաջողությամբ իրականացվել են երկու տասնյակից ավելի ծրագրեր՝ ուղղված աշխատաշուկայում երիտասարդների զբաղվածության խթանմանը, նրանց մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև դպրոցականների շրջանում ձեռնարկատիրական մտածելակերպի խթանմանը:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: