Հայկական կոսմետիկայի առաջին խմբաքանակն ուղարկվել է Հարավային Կորեա և Հոնգ Կոնգ
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ կոսմետիկա արտադրող հայկական ընկերությունն այս տարի առաջին անգամ մասնակցել և արտահանման պատվեր է ստացել միջազգային ցուցահանդեսում։ Հուլիսի 9-11-ը ԱՄՆ Lաս Վեգաս քաղաքում կայացած «Cosmoprof North America 2017» միջազգային ցուցահանդեսում «Նաիրիան» ընկերությունը հաջողությամբ ներկայացրել է հայկական արտադրանքը և արտահանման պայմանագրեր են կնքվել։ Շուրջ 10 000 դոլարի առաջին՝ փորձնական խմբաքանակն այսօր փաթեթավորվեց և կուղևորվի Հարավային Կորեա և Հոնգ Կոնգ։ Նմուշների ընտրությունից և ընթացակարգերի հստակեցումից հետո արտահանումները կիրականացվեն կանոնավորապես և էապես մեծ ծավալներով։
«Ընկերությունը Միացյալ Նահանգներում հուլիսյան ցուցահանդեսում շատ լավ հանդես եկավ, ճիշտ գործընկերներ գտավ, արդյունքում՝ մեծանում է արտահանման աշխարհագրությունը դեպի Ասիա»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի Հետսպասարկման թիմի համակարգող Անահիտ Մկրտչյանը։
«Նոր շուկա մուտք գործելը երկար ու մանրակրկիտ աշխատանքի արդյունք է, իսկ այս դեպքում նաև՝ հպարտություն, քանի որ Հարավային Կորեան կոսմետիկայի բազմաթիվ ապրանքանիշերի հայրենիքն է, իսկ կորեուհիները խստապահանջ են։ Ուրախ ենք, որ մեր կորեական գործընկերը մեծ վստահությամբ է սկսում համագործակցությունը», -նշել է «Նաիրիան» ընկերության համահիմնադիր և գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը։
2012 թ. հիմնադրված ընկերությունն աշխատում է Հայաստանի բնաշխարհի ռեսուրսներով, օգտագործվող բույսերը մշակում է օրգանական եղանակով, իր սեփական դաշտային տնտեսությունում։ «Նաիրիանն» արդեն արտահանվում է ԱՄՆ, Ճապոնիա և Ռուսաստան։