Բիզնես վարկավորման մակարդակն աճել է շուրջ 10%-ով կամ շուրջ 155 մլրդ դրամով
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում իր ելույթում նշեց, որ ՀՀ-ում բիզնես վարկավորման մակարդակն աճել է շուրջ 10 տոկոսով կամ շուրջ 155 մլրդ դրամով, ինչը նշանակում է՝ մարդիկ ներդրում են անում տնտեսության մեջ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետի պաշտոնակատարն ասել է․ «Ի դեպ, այն փաստը, որ բանկային ավանդները նույնպես շոշափելի աճ են արձանագրել, ինչը բացասական մեկնաբանությունների տեղիք նույնպես տալիս է, որոնց հեղինակները պնդում են, որ մարդիկ ներդնելու այլ տարբերակ չունեն, ուզած-չուզած բանկում ավանդ են դնում: Այս քննադատության մեջ, իհարկե, ռացիոնալության հատիկ կա, բայց ուզում եմ նաև ասել, որ ավանդների աճն է նաև պատճառը, որ վարկային տոկոսները Հայաստանի Հանրապետությունում նվազում են, ինչը շատ երկար եղել է մեր քաղաքական և տնտեսական օրակարգի կարևոր հարց: 2018 թվականին, օրինակ, ֆիզիկական անձանց տրվող դրամային վարկերի տոկոսադրույքը միջինը նվազել է 2.9 տոկոսով: 2018 թվականին մոտ 3 տոկոսով մեր քաղաքացիներին տրվող վարկերի միջին տոկոսադրույքը նվազել է, իսկ դոլարային վարկերի տոկոսադրույքը նվազել է 1.2 տոկոսով: Բիզնեսին տրվող դրամային վարկերի տոկոսը նվազել 0.5 տոկոսով, դոլարայինով՝ 0.3 տոկոսով»: