CMX Solutions-ի հայաստանյան մասնաճյուղում 200-ից ավելի նոր աշխատատեղ կբացվի
Ամպային ծառայություններ մատուցող, էլ․ փոստերի անվտանգությունն ապահովող գերմանական CMX Solutions ընկերությունն այսուհետ իր գրասենյակը կունենա Հայաստանում, որի շնորհիվ մինչև հաջորդ տարվա դեկտեմբեր ամիսը կբացվի 200-ից ավելի նոր աշխատատեղ։
Հայաստանյան մասնաճյուղի պաշտոնական բացումը տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին, որի ընթացքում ներկայացվեցին ընկերության ձեռքբերումներն ու ակնկալիքները։
SMX Solutions Yerevan-ի տնօրեն Մարսել Զեքիրին «Բիզնես 24»-ի հետ զրույցում նշեց, որ երկու տարի Վրաստանում (Թբիլիսում) գործելուց հետո որոշվեց ընդլայնել ընկերության սահմանները և գրասենյակ հիմնել նաև Հայաստանում․ «Այստեղ տեղի ունեցող փոփոխությունները շատ դրական են, դրանք երկիրն ավելի բաց են դարձնում դրսի շուկայի համար և կազմակերպությունները շահագրգռված են ներդրումներ կատարելով։ Այս պահին Հայաստանը մեզ համար լավ պոտենցյալ շուկա է, հուսով եմ՝ ապագայում ավելի լավ է լինելու»։
Մարսել Զեքիրին նշեց նաև, որ այժմ ընկերությունում աշխատող 60 աշխատակիցներից շատերի համար սա առաջին աշխատանքն է։ Կադրերին հնարավորություն է տրվում վերապատրաստում անցնելու, ընդ որում դա հնարավոր է անել տնից՝ առանց հավելյալ գումարներ ծախսելու․ «Մենք ներդրումներ ենք կատարում նրանց զարգացման համար, որը իր հերթին կօժանկդակի ընկերության աշխատանքին։ Մենք նաև օժանդակում ենք համայնքներին՝ տարբեր սոցիալական ծրագրերով, փորձում ենք օգնել որոշակի խոցելիություն ունեցող սոցիալական խմբերի»։
SMX Solutions Yerevan-ի գործառնությունների բաժնի ղեկավար Արևիկ Հակոբյանն էլ իր խոսքում նշեց, որ հայաստանյան շուկայի համար շատ կարևոր է այս մասնաճյուղի բացումը, քանի որ հնարավորություն է ընձեռվում գերմանախոս մասնագետներին՝ միանալ կազմակերպությանը, գտնել աշխատանք և կայանալ որպես մասնագետ։
Կազմակերպության աշախատակիցները հաճախորդի հետ կապվում են մի քանի կապուղիներով՝ էլեկտրոնային փոստի, հեռախոսի և սոցիալական կայքերի միջոցով։ Սպասարկումը գերմաներեն, անգլերեն, իսպաներեն, իտալերեն և ռուսերեն լեզուներով է իրականացվում։
Նշենք, որ CMX Solutions ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին, Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում։ Գերմանիայի սահմաններից դուրս ընկերության մասնաճյուղերը գտնվում են Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում, Վրաստանի Մայրաքաղաք Թբիլիսիում, այժմ նաև՝ Երևանում։
Այժմ ընկերությունը 4 տարբեր երկրներում ունի 400 աշխատակից, որից 60-ը՝ Հայաստանում։