
Սպայկա ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը կալանավորվեց
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում կայացրեց:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել էր դատարան ՊԵԿ քննչական վարչության քննիչը:
Դատարանի շենքի դիմաց «Սպայկա» ՍՊԸ-ի բազմաթիվ աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը):
ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից սույն թվականի ապրիլի 4-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ: