Ռոստելեկոմ. հայտնի դարձավ «Նոր հնարավորություններ ուսանողների համար-5» ուսանողական ծրագրի հաղթողը
«Ռոստելեկոմ»-ի ամենամյա «Նոր հնարավորություններ ուսանողների համար-5» ուսանողական ծրագրի 2019թ․արդյունքներն ամփոփվեցին հուլիսի 29-ին ընկերության գլխամասային գրասենյակում անցկացված հավաստագրերի հանձնման արարողության ընթացքում։
Նախագծին այս տարի մասնակցում էին ընտրական փուլը հաղթահարած շուրջ 20 ուսանողներ ամենատարբեր բուհերից՝ Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից (ՀԱՊՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից (ՀՊՏՀ), Հայաստանի Ամերիկյան համալսարանից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից։ Ուսանողների մասնագիտացումների շրջանակը, ինչպես և նախորդ տարիներին, խիստ բազմազան էր՝ ինֆորմատիկա, կառավարում, ռադիոտեխնիկա և կապ, ճգնաժամային կառավարում, թատերական արվեստ, բանասիրություն, այլ հարակից ուղղություններ, ինչը միմյանց հետ շփումը դարձրել էր առավել հետաքրքիր ու բովանդակալից։
«Նման նախագծերի շնորհիվ մենք հնարավորություն ենք ընձեռում երիտասարդ մասնագետներին մուտք գործելու «Ռոստելեկոմ»-ի նման խոշոր ընկերությունների ներքին էկոհամակարգ, ծանոթանալու կորպորատիվ մշակույթին, շփվելու փորձառու մասնագետների հետ, ինչու չէ՝ նաև ինքնադրսևորվելու։ Փորձը ցույց է տալիս, որ նախագծի շնորհիվ այսօրվա ուսանողները աշխատանքի անցնելիս մի քանի քայլ առաջ են լինում իրենց հասակակիցներից և հաջողում են իրենց աշխատանքում, ստարտափ կամ այլ նախաձեռնությունների ընթացքում։ Միևնույն ժամանակ ուրախ ենք, որ նախագծի արդյունքում մեր անձնակազմը համալրում են երիտասարդներ, ովքեր ունեն ձգտում, թարմ մոտեցումներ ու գաղափարներ, գիտեն՝ ինչպես հասնել սեփական նպատակներին, անհատականություն են։ Շնորհավորում ենք հաղթողին և բարի գալուստ «Ռոստելեկոմ»»,— նշեց «Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Ուսանողական ծրագիրն ընդգրկում էր ինտերակտիվ ուսուցողական և ճանաչողական դասընթացներ կորպորատիվ գործունեության գրեթե բոլոր կարևոր ուղղությունների շուրջ՝ սկսած հաղորդակցությունից, հաճախորդների սպասարկումից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական ձևակերպումներից, վաճառքների հմտություններից, հանրային կապերից, աշխատաշուկայի առանձնահատկություններից, մինչև օպտիկա, ցանցային լուծումներ, այլ ուղղություններ։ Նախագծի շրջանակներում ուսանողները ծանոթանում են ոչ միայն «Ռոստելեկոմ»-ի ղեկավար անձնակազմին, այլ առնչվում ընկերության կորպորատիվ մշակույթին և սկզբունքներին, որոնցով առաջնորդվում է յուրաքանչյուր աշխատակից։
«Ծրագիրն իրականացվում է արդեն 5-րդ անգամ՝ հնարավորություն ընձեռելով տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց համախմբվել մեկ գաղափարի շուրջ։ Հաղթող դառնալու համար չկա հստակ սահմանված ճանապարհ։ Այստեղ մասնակիցները կարող են ռիսկի դիմել, ներկայացնել համարձակ ու նորարար գաղափարներ՝ վերագնահատել իրենց իսկ ուժերը։ Ընկերությունն իր հերթին աջակցում է նրանց՝ ապահովելով գիտելիքների բազա ու փորձառու մասնագետների մշտական խորհրդատվություն։ Արդյունքում՝ յուրաքանչյուր տարի ծրագրի մասնակիցներից առնվազն 4-5-ը միանում են մեր թիմին՝ որպես աշխատակից, իսկ մյուսների համար, վստահ եմ, սա հետաքրքիր փորձառություն է և «Ռոստելեկոմ»-ին կապող լավ հիշողություններ»,—նշեց «Ռոստելեկոմ»-ի մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար Անի Գրիգորյանը։
Սեմինարներից բացի մասնակիցները գործնական անհատական և թիմային նախագծեր են իրականացնում՝ ծանոթանալով թիմային աշխատանքի առանձնահատկություններին, ձեռք բերելով համատեղ լուծումներ առաջարկելու և խնդիրները հաղթահարելու հմտություններ։
Նախագծի մասնակիցները մոտիվացվում էին նաև մրցանակով, այն է՝ ընկերությունում վճարովի եռամսյա ուսուցում անցնելու հնարավորությամբ, որը լավ արդյունքների պարագայում կարող է հետագայում մշտական աշխատանքի առաջարկի վերածվել։ Ընդ որում, ստորաբաժանման ընտրությունը մասնակցինն է լինելու։
«Նոր հնարավորություններ ուսանողների համար-5» նախագծի հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Նելլի Փափազյանը։
Ստեղծագործ մտածողությամբ, ճկունությամբ, թիմային ոգով, գիտելիքներով, արագ կողմնորոշվելու ունակությամբ աչքի ընկած բոլոր ուսանողները, ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս աշխատանքի առաջարկներ կստանան համապատասխան բաժիններում։
«Ռոստելեկոմ»-ի կողմից նախագիծն անց է կացվում հինգերորդ անգամ։ Մասնակիցներից շատերն աշխատում են ՏՏ, ցանցերի նախագծման, վաճառքի, հաճախորդների սպասարկման, արտաքին կոմունիկացիաների և այլ ստորաբաժանումներում, նշում են, որ սա բացառիկ հնարավորություն է ցանկացած ուսանողի համար՝ անմիջապես աշխատակազմից տեղեկանալու խոշոր ընկերություններում գործող բիզնես գործընթացներին և ամենակարևորը՝ աշխատանքի անցնելու նման ընկերությունում։
———————————
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև վաճառակետեր:
«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+”: