Հայաստանը՝ Կովկասի Սիլիկոնային հովիտ.WIRED-ը Cybertech Europe-ին Արմեն Սարգսյանի մասնակցության մասին
Խորհրդային Միության նախկին պետությունը՝ Հայաստանը, ներդրում է կատարում արհեստական բանականության, գիտության, ինժեներական կրթության զարգացման մեջ, ինչպես նաև աջակցում է ստարտափերի կազմակերպմանը: Այս մասին գրում է աշխարհում տեխնոլոգիական փոփոխությունները լուսաբանող հեղինակավոր WIRED պարբերականի իտալական հրատարակությունը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությանը՝ սեպտեմբերի վերջին Հռոմում կիբերանվտանգությանը նվիրված Cybertech Europe2019 միջազգային համաժողովին, ինչպես նաև նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնությանը:
Նշելով, որ դեռ Խորհրդային Միության ժամանակաշրջանում Հայաստանը համարվում էր «Մոսկվայի շուրջ գտնվող հանրապետությունների Սիլիկոնային հովիտը»՝ հեղինակը գրում է, որ հիմնվելով հենց այդ ժառանգության վրա, Հայաստանը նոր շունչ է ցանկանում հաղորդել տնտեսությանը` շեշտը դնելով արհեստական բանականության, թվային տեխնոլոգիաների ներդրման, տեղեկատվական անվտանգություն, ստարտափերի կազմակերպման վրա:
«Քսանմեկերորդ դարը կարող է լինել Հայաստանի դարը»: Սա է Հռոմում տեղի ունեցած Cybertech Europe2019–ին նախագահ Արմեն Սարգսյանի հնչեցրած տեսլականը: Տեսական ֆիզիկայի նախկին դասախոս և Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, իսկ 2018 թ. ապրիլից՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշում է. «Այսօր բնական պաշարներ ունենալն այնքան կարևոր չէ, որքան անցյալում, քանզի տեխնոլոգիաներն ու նորարարությունն են 21-րդ դարի «բնական պաշարը»,-գրում է պարբերականը:
Հեղինակն անդրադառնում է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից նախաձեռնված ATOM (Advanced Tomorrow) ծրագրին: «Այսպիսի մի ծրագիր է նախաձեռնել կովկասյան հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որի մասին նա ասում է. «Մեր նպատակն է ստեղծել շարժիչ մի ուժ, որն ազգին հնարավորություն կտա թռիչք կատարել, ինչպես նաև օգտագործել ներուժն իրական արդյունաբերություն ստեղծելու համար»: Խճանկարի կտորներն արդեն կան` ստարտափեր, փոքր ձեռնարկություններ, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի որոշ ընկերություններ, սակայն անհրաժեշտ է համակարգել այս գործընթացը»,- գրում է պարբերականը՝ մեջբերելով նախագահ Սարգսյանի խոսքը. «Ցանկությունս է Եվրոպայից և Ամերիկայից հրավիրել լավագույն ձեռնարկություններին, համախմբել նրանց և ստեղծել մի էկոհամակարգ»:
Պարբերականը գրում է, որ ATOM նախաձեռնությունն ունենալու է գիտական և տեխնոլոգիական բաղադրիչ և միտված է լինելու մանուկ հասակից կրթել երիտասարդ սերնդին: «Այդ նախաձեռնության շրջանակներում ստեղծվելու են ապագայի թանգարան՝ վաղվա տեսլականը նախանշելու համար, գիտության քաղաք` կենտրոնացած մաթեմատիկայի, տեխնոլոգիական անվտանգության և արհեստական բանականության գիտության վրա»:
Հեղինակը նշում է, որ նախագահ Սարգսյանը կարևորում է այս ծրագրի շրջանակում միջազգային համագործակցությունը: «Մենք ունենք մեր ավանդույթները, սակայն այժմ պետք է համագործակցենք աշխարհի հետ, համաշխարհային գործընթացի մաս դառնանք»,- մեջբերում է նրա խոսքերը WIRED պարբերականը:
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։