
ԱՄՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԽՈՇՈՐ «ՊԱՀԱՌՈՒՆ» ՉԻՆԱՍՏԱՆՆ Է
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն իրականացրել է իր պարտատոմսերի (treasuries) առավել խոշոր «պահառուների» վերագնահատում, որի արդյունքում Չինաստանը կրկին հայտնվել է առաջին հորիզոնականում, և, ըստ վերանայված տվյալների, Պեկինին դեռևս բավականին երկար ժամանակ չի հաջողվի «ազատվել» այս պաշտոնից: Ինչպես պարզ է դարձել վերանայված ցուցանիշների ամփոփման արդյունքում` Չինաստանին բաժին ընկնող ԱՄՆ պարտատոմսերի ընդհանուր ծավալն աճել է շուրջ երեք անգամ: Այսպես. 2010 թվականի դեկտեմբեր ամսվա արդյունքներով Չինաստանը տնօրինում է 1,16 տրիլիոն դոլար ընդհանուր ծավալով ԱՄՆ ֆինանսների նախարարության պարտատոմսեր:
Երկրորդ տեղում է Ճապոնիան: Այս երկրին բաժին է ընկնում ամերիկյան պարտատոմսեր` 882,3 մլրդ դոլար ընդհանուր ծավալով: «Պահառուների» առաջին եռյակը եզրափակում է Մեծ Բրիտանիան (272,1 մլրդ դոլար):