Վլադիմիր Պուտինը կոչ է արել «բաց չթողնել պահը» Ռուսաստանի կրիպտոկարգավորման հարցում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայացած տնտեսական խորհրդակցության ժամանակ քննարկվել են երկրում թվային ակտիվների ներդրմանն ու օգտագործմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինը ոլորտն անվանել է «ժամանակակից տնտեսության շատ դինամիկ և հեռանկարային ուղղություն»:
«Մեզ համար կարևոր է, ինչպես ասում են, բաց չթողնել պահը, ժամանակին կարգավորել իրավական բազան, զարգացնել ենթակառուցվածքը, պայմաններ ստեղծել թվային ակտիվների շրջանառության համար, ընդ որում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանյան գործընկերների հետ հարաբերություններում»,-նշել է ՌԴ նախագահը:
Հաջորդիվ նախագահն անդրադարձել է թվային ռուբլու նախագծին, որի փորձնական մեկնարկը տեղի ունեցավ 2023 թվականի օգոստոսին: Նրա խոսքով, այս պահին ծրագրին մասնակցում են 12 բանկ, 600 ֆիզիկական անձ և 22 առևտրի և սպասարկման ձեռնարկություն՝ ՌԴ 11 քաղաքներից։ Հուլիսի սկզբին համակարգում իրականացվել է ավելի քան 27,000 գործարք:
Պուտինը հայտնել է, որ անհրաժեշտ է անցում կատարել «թվային ռուբլու ավելի լայնածավալ ներդրմանը տնտեսությունում, տնտեսական գործունեությունում և ֆինանսների ոլորտում»:
Ըստ էներգետիկայի նախարարության՝ Ռուսաստանը տարեկան ծախսում է 16 մլրդ կՎտ/ժ այդ նպատակների համար՝ երկրի ընդհանուր էլեկտրաէներգիայի սպառման գրեթե 1.5%-ը, և այդ ցուցանիշը շարունակում է աճել: Նախագահն այս դինամիկան բացատրել է էլեկտրաէներգիայի ցածր սակագնով և «հանքարդյունաբերական սարքավորումների շարժունակությամբ»:
Եթե խնդրին լուծում չտրվի, շատ առևտրային և բնակելի օբյեկտներ կբախվեն մատակարարման ընդհատումների և էլեկտրաէներգիայի պակասի, կարծում է պետության ղեկավարը: Նա առաջարկել է ժամանակին և համակարգված որոշումներ կայացնել դաշնային օրենքի մակարդակով:
Պուտինը նաև հիշեցրել է 2022-ի իր ուղերձը կառավարությանն ու Կենտրոնական բանկին, որում կոչ է արել կոնսենսուսի հասնել կրիպտոարժույթների կարգավորման հարցում: Նախագահն ընդգծել է, ոև Ռուսաստանն ունի մրցակցային առավելություններ հանքարդյունաբերության ոլորտում՝ էլեկտրաէներգիայի ավելցուկ և լավ պատրաստված կադրեր:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին ՌԴ ֆինանսների նախարարության առաջարկի մասին՝ որակավորված ներդրողների համար թվային արժույթներով առևտրի հասանելիություն բացելու մասին:
Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ: