ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՆՈՐ ԹԱՓ ԵՆ ԱՌՆՈՒՄ
Երեւանում հոկտեմբերի 29-31-ն անցկացվող «Expo-Russia Armenia» ռուսական արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում այսօր անցկացվեց «Ռուսաստանի եւ Հայաստանի առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործընթացում տրանսպորտի եւ կապի հիմնախնդիրների համատեղ լուծման հնարավոր ուղիները» թեմայով կլոր սեղան: Վերջինիս մասնակցում էին նախարարության փորձագետները եւ կապի եւ տրանսպորտային ոլորտի ռուսաստանյան մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ` «М2М Телематика», «Трансмост» եւ այլն:
Նախարարության արտաքին կապերի վարչության պետ Գագիկ Գրիգորյանը ներկայացրեց նախարարության գործունեության ոլորտները եւ իրականացվող, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերը: Նա նշեց, որ լուրջ աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, որում առաջնային տեղ է գրավում ավտոճանապարհների կառուցումը: Նրա խոսքով, առաջնային ծրագրերից է երկրի հյուսիս-հարավ երկաթգծի կառուցումը, որի շուրջ արդեն աշխատանքեր են արվում: Բանակցություններ են տարվում նաեւ Ասիական բանկի հետ: Ստեղծվել է նախարարական խումբ Իրանի, Ռուսասատանի եւ Հայաստանի միջեւ. տեղի է ունեցել առաջին հանդիպումը: Նախատեսվում է առաջիկայում եւս հանդիպում կազմակերպել, քանի որ երկաթգծի կառուցումը լուրջ հարց է եւ լուրջ անելիքներ կան: Հաջորդ նախագիծը Վանաձոր -Դիլիջան երկաթգծի կառուցումն է, որի համար անհրաժեշտ կլինի մոտ 200 մլն դոլար: Այս նախագծերի իրականացման համար անհրաժեշտ են միջազգային դոնոր կազմակերպությունների ներդրումներ: Ասիական բանկի օժանդակությամբ, որը տրամադրել է 500 մլն դոլար, կառուցվում է հյուսիս-հարավ ավտոմայրուղին`ավելի քան 500 կմ երկարությամբ: Անդրադառնալով Հայաստանի բջջային օպերատորների գործունեությանը` Գ. Գրիգորյանը նշեց, որ շուկայում երրորդի հայտնվելը կբարձրացնի մրցակցությունը, որը կբերի որակյալ ծառայությունների մատուցման: Նրա խոսքով, Հայաստանում ինտերնետային ծառայությունները դեռ թանկ են, սակայն քայլեր են ձեռարկվում առաջիկայում այն բոլորին մատչելի դարձնելու ուղղությամբ:
Ռուսական ընկերությունները ներկայացրին իրենց գործունեությունը եւ հնարավորությունները: Նրանք նշեցին, որ քննարկումներ կլինեն նախարարության ծրագրերի իրականացման գործընթացում հետագա համագործակցության շուրջ: