ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՎԱՃԱՌԵԼ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԳԱԶԱՄՈՒՂԸ
Վրաստանի էներգետիկայի նախարարի տեղակալ Մարիամ Վալիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում վաճառել «Հյուսիս-Հարավ» գազամուղը: Փոխնախարարը նշել է, որ ապագայում Վրաստանի որոշ էներգետիկ ընկերությունների, այդ թվում նաև «Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի» (որին և պատկանում է «Հյուսիս-Հարավ» գազամուղը), բաժնետոմսերի որոշակի քանակություն կտեղաբաշխվի բորսաներում: Վալիշվիլին պարզաբանել է, որ խոսքը գնում է ընկերությունների բաժնետոմսերի ոչ մեծ քանակի մասին, և ամեն դեպքում վերհսկիչ փաթեթները կմնան Վրաստանի կառավարության ձեռքում:
Փոխնախարարը վստահեցրել է նաև, որ եթե երկրի կառավարությունը որոշի վաճառել գազամուղը, ապա անպայման հաշվի կառնվեն նաև քաղաքական գործոնները: