
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՍՏԵՂԾԵԼ 100 ՄԼՆ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Հնդկաստանի կառավարությունը հաստատել է մի նոր ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է մինչև 2020 թվականն այս երկրում ստեղծել 100 մլն նոր աշխատատեղ: Իր այս քայլով Հնդկաստանի կառավարությունը փորձում է լուծել երկրի աշխատանքի շուկայում առկա խնդիրները: Բնակչության շարունակական աճին զուգընթաց աշխատանքի շուկայում նոր աշխատատեղերի պահանջարկը զգալիորեն գերազանցում է առաջարկը: Յուրաքանչյուր տարի երկրում մոտ 20 մլն լրացուցիչ աշխատատեղի պահանջարկ է առաջանում:
Նշենք, որ 2011 թվականի մարտ ամսվա տվյալներով Հնդկաստանի բնակչությունը կազմում է շուրջ 1.21 մլրդ մարդ:
Ինչպես հաղորդում են Հնդկաստանի պաշտոնական աղբյուրները` նոր հաստատված NMP ծրագրի շրջանակներում նախատեսվում է պարզեցնել աշխատանքային օրենսգիրքը, որի արդյունքում արդյունաբերական ոլորտում պետական միջամտությունն ու վերահսկողությունը զգալիորեն կկրճատվի: Նախատեսվում է նաև կառուցել արդյունաբերական յոթ նոր գոտի, զարգացնել գյուղատնտեսությունը, ինչպես նաև իրականացնել հարկային մի շարք բարեփոխումներ՝ խրախուսելով երկրում փոքր և միջին բիզնեսի զարգացումը: