Հայաստանում սպառողը կարող է ընտրել իր էլեկտրաէներգիա մատակարարողին
Կառավարության նիստում քննարկվել է 2018 թվականից Հայաստանում մեկնարկած էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման արդյունքները: Վերջին արդյունքները ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը.
«Դեռևս 2018 թվականի մեկնարկել էին էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումները: Էական և ամենամեծ բարեփոխումը շուկայի ազատականացման խնդիրն էր: Միջազգային խորհրդատուների աջակցությամբ մեծածախ շուկայում էլեկտաէներգիայի վաճառքի էլեկտրոնային հարթակ ենք ստեղծել, որը մեկնարկել է 2022 թվականից՝ շուկայի որոշ սեգմենտների սահմանափակմամբ: Քանի որ էական բարեփոխում էր և մասնագետների վերապատարստում էր պահանջում, այս մեկ տարվա ընթացքում կարելի է ասել արդեն ավարտին հասցրեցինք այս բարեփոխումների առաջին փուլը՝ 2023 թվականի փետվարի 1-ից շուկան լիարժեք իր սեգմենտներով կաշխատի: Հիմնական էությունը, կոնցեպտը մենաշնորհից մրցակցության փոխարինումն է: Առաջին հերթին սպառողին հնարավորություն է ընձեռվելու ինքնուրույն ընտրելու իր մատակարարողին: Այսինքն՝ սպառողը հնարավորություն ունի ընտրել մատակարար, որը պայմանագրային հիմունքներով իրեն էլեկտրաէներգիա կմատակարարի: Կոմերցիոն սպառողների դեպքում հնարավորություն է ստեղծվել նույնիսկ ինքնուրույն հանդես գալ շուկայի մեծածախ սեգմենտում և անմիջապես արտադրողից էլեկտրաէներգիա գնել: Մյուս հնարավորությունն է` շարունակել մնալ ՀԷՑ–ի սպառող՝ կարգավորվող գներով: Հաջորդ լուրջ առաջընթացը՝ ամբողջ պլանավորումը և հաշվառումն իրականացվելու է ժամային մակարդակով, որն էականորեն կավելացնի շեղումները, այսինքն՝ նվազագույնի կհասցնի: Դա կենթադրի նաև համապատասխան պատասխանատվություն արտադրողների և սպառողների կողմից»:
ՀԾԿՀ նախագահը նշել է նաև, որ Հայաստանից դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման գծերի թողունակության ավելացման և ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի գործարկման արդյունքում ՀՀ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների համար լայն հնարավորություններ կստեղծվեն նաև միջսահմանային առևտրի ընդլայնման համար. «Արդեն ունենք ստացված մատակարարման 12 լիցենզիա: Վերջիններս ունեն իրենց սպառողներն ու այլևս կարգավորվող սակագներով չեն, սպառողներին էլեկտրաէներգիա են մատակարարում պայմանագրային գներով։ Ունենք 12 մեծածախ առևտրի լիցենզիա, սա ևս մի բարեփոխման հետևանք է, որ ընդհանուր շուկայի շրջանակում Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանումն ու ներկրումն այլևս չի լիցենզավորվում, և դրա արդյունքում էապես ավելացել է արտահանումը։ Այդ մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող ընկերությունները ինքնաբերաբար էլեկտրաէներգիա արտահանելու և ներկրելու իրավունք են ստանում»:
2023 թվականի փետրվարի 1-ից ազատ շուկայում կլինի արդեն մեր ընդհանուր սպառման շուրջ 20 տոկոսը՝ 1.2 մլրդ կվ/ժ:
«Չնայած այդ թիրախային ցուցանիշին, արդեն 2022 թվականին շուրջ 16 տոկոսն արդեն իսկ մտել են շուկա, քանի որ այդ պարտադիր պահանջներին զուգահեռ գործում է նաև, որ ցանկացած սպառող, որ պահին ուզի, կարող է մտնել շուկա: Հաջորդ գլոբալ բարեփոխումը կուզեի նշել, ինքնավար էլեկտրաարտադրողների վերաբերյալ բարեփոխումն է: Այստեղ նույնպես լուրջ օրենսդրական բարեփոխումներ են տեղի ունեցել: Ունենք շուրջ 12 անգամ քանակի աճ: Այսինքն՝ 784 ինքնավար արտադրող ենք ունեցել 2018 թվականին, այսօր նրանց թիվը կազմում է 9500»,- նշել է ՀԾԿՀ նախագահը: