ՖՐԱՆՍԻԱԿԱՆ CREDIT AGRICOLE ԲԱՆԿԸ ԿԿՐՃԱՏԻ ԵՎՍ 2 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Ֆրանսիական Credit Agricole SA բանկը մտադիր է կրճատել ևս 2 հազար աշխատատեղ: Բանկի պաշտոնական հայտարարության համաձայն` առաջիկա այս կրճատումներն առաջին հերթին ուղղված կլինեն բանկի կորպորատիվ և ներդրումային ստորաբաժանումների «թեթևացմանը»:
Հատկանշական է, որ աշխատատեղերի նոր կրճատումներ նախատեսում են նաև ֆրանսիական BNP Paribas SA և Societe Generale SA խոշորագույն բանկերը:
Հիշեցնենք, որ օրերս միջազգային Moody’s վարկանիշային գործակալությունն իջեցրել է ֆրանսիական BNP Paribas, Societe Generale և Credit Agricole բանկերի վարկանիշները: Գործակալության հայտարարության համաձայն` նման քայլը հիմնականում պայմանավորված է ֆինանսական միջոցների ներգրավման հետ կապված խնդիրներով, ինչպես նաև Եվրագոտու պարտքային ճգնաժամով, որն անմիջական ազդեցություն է ունեցել ֆրանսիական բանկերի գործունեության վրա: