Standard and Poor՛s. Հայաստանի սուվերեն B+ վարկանիշի հեռանկարը փոխվել է կայունից դրական
«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝ միևնույն ժամանակ հեռանկարը փոխելով «կայունից» դեպի «դրական»:
Համաձայն «Standard and Poor’s» գործակալության դիտարկումների՝ վարկանիշի հեռանկարի վերանայումը պայմանավորված է Հայաստանի տնտեսության բարձր աճի տեմպերով և տնտեսության ներուժի բարելավման հեռանկարով, պետական բյուջեի ցուցանիշների, պետական պարտքի բեռի և տնտեսության արտաքին դիրքի էական բարելավմամբ, ինչին նպաստել է նաև ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում մարդկանց և կապիտալի էական ներհոսքը:
Ընթացիկ վարկանիշի վրա դրական ազդեցություն են գործում արտաքին պաշտոնական ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը և մակրոտնտեսական քաղաքականության ողջամիտ շրջանակը, ինչը վերջին տարիներին բազմաթիվ արտաքին ցնցումների պայմաններում օգնել է պահպանել տնտեսական և ֆինանսական կայունությունը: