ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀԵՏ
Մայրաքաղաքի առողջապահական հաստատությունների արդիականացման և զարգացման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանում՝ մայրաքաղաքի առողջապահական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, դիմելով ներկաներին, նախ կարևորել է բնակչների սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությունը, ինչն, ըստ քաղաքապետի, ոլորտի արդյունավետ աշխատանքի գնահատման ամենակարևոր ցուցիչն է: «Ծառայությունների որակի հետևողական բարձրացումը պետք է լինի ձեր առաջնահերթ խնդիրը, քանի որ ձեր կողմից մատուցվող ծառայությունների որակը գնահատելու ենք «ոչ մի բողոք քաղաքացիներից» սկզբունքով»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետն անդրադարձել է նաև Գր. Նարեկացի և Սուրբ Աստվածամայր ԲԿՓԲ-ների՝ անջատման ձևով վերակազմավորելու գործընթացին, որի արդյունքում կստեղծվեն առանձնացված առողջապահական ընկերություններ՝ առանձին իրավաբանական կարգավիճակներով: «Վերակազմակերպումը հանգեցնելու է արդյունավետ կառավարման, ինչը ևս նպաստելու է քաղաքացիների սպասարկման որակի բարելավմանը»,- շեշտել է քաղաքապետը:
Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների արդիականացման հարցին` Տարոն Մարգարյանը առանձնակի կարևորել է հաստատությունների կողմից ներդրումային իրատեսական ծրագրերի ներկայացումը:
«2012 թվականին առողջապահական ոլորտի առաջընթացը նաև ձեր առաջարկություններից է կախված: Ձեզանից սպասում ենք իրատեսական ծրագրեր, որոնք կարող են կյանքի կոչվել նաև նոր ներդրողներ ներգրավելով»,- նշել է Տարոն Մարգարյանը: