Ռուսական ավիաընկերությունները դիմել են Վրաստան թռիչքներ սկսելու համար
Ռուսական ավիաընկերությունները դիմել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը՝ դեպի հանրապետություն թռիչքներ սկսելու թույլտվության համար։
«Տեղեկացնում ենք, որ այսօրվա դրությամբ Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը դիմումներ է ստացել մի քանի (ռուսական) ավիաընկերություններից` Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցություն սկսելու խնդրանքով», – ասվում է Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության տարածած հայտարարության մեջ։
Թե Ռուսաստանի Դաշնության հատկապես ո՛ր ավիաընկերություններն են դիմել Վրաստանի իշխանություններին, չի հստակեցվում։
Գործակալությունում ընդգծել են, որ թռիչքների մեկնարկի յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ որոշում կկայացվի այս կամ այն ավիաընկերության գործունեության, միջազգային պատժամիջոցների հետ կապված նրանց կարգավիճակի մանրամասն ուսումնասիրությունից հետո։ Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը մանրամասնորեն կուսումնասիրի նաև ավիաընկերությունների օդային նավատորմը։
Գերատեսչությունում հավելել են, որ դրա հետ մեկտեղ Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը խորհրդակցություններ է անցկացնում այն երկրների հետ, որոնք պահպանում են միջազգային պատժամիջոցները, բայց միևնույն ժամանակ ուղիղ ավիահաղորդակցություն են պահպանում Ռուսաստանի Դաշնության հետ։
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը վերացնելու վերաբերյալ: Հրամանագրով նա նաև վերացրել է ռուսական ավիաընկերությունների համար Վրաստան ուղիղ չվերթների արգելքը։