«Վերին Լարս» անցակետի արդիականացումը կարող է ավարտվել նոյեմբերին
Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետի արդիականացման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականի նոյեմբերին: Այս մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարության Պետական սահմանի անցակետերի բարեկարգման բնագավառում պետական քաղաքականության վարչության տնօրեն Միխայիլ Կոկաևը։
«Պայմանագրով այս տարվա դեկտեմբերն է, բայց ցանկանում ենք նոյեմբերին ավարտել։ Սա այն ժամկետն է, որը մենք հանձն ենք առել», – մեջբերում է ТАСС-ը Կոկաևի խոսքերը։
Պաշտոնյան նշել է, որ այժմ այս անցակետում թեթև տրանսպորտի անցման հետ կապված խնդիրներ չկան։ Սահմանային անցակետում գործում է 24 երթևեկելի գոտի՝ յուրաքանչյուր ուղղությամբ 12-ական:
«Կազբեկի-Վերին Լարսը» վրաց-ռուսական սահմանի միակ գործող անցակետն է։ Ռուսաստանի հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է Վրաստանի տարածքում վատ եղանակի պատճառով: