ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Ամերիկյան վեց խոշորագույն բանկեր ընթացիկ տարվա առաջին եռամսյակն ամփոփել են զուտ շահույթի անկմամբ: Այսպես, ըստ նախնական գնահատականների՝ 2012 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով Wells Fargo, JPMorgan & Chase, Bank of America, Citigroup, Goldman Sachs և Morgan Stanley բանկերի համախառն զուտ շահույթը կազմել է 15.3 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատութամբ կրճատվելով շուրջ 11%-ով: Նման զարգացումն, ըստ անկախ վերլուծաբանների, պայմանավորված է ԱՄՆ տնտեսության վարկավորման աճի տեմպի և երկրի ՀՆԱ-ի աճի տեմպի «անհամապատասխանությամբ» և կարող է կարճաժամկետ հատվածում բացասական ազդեցություն թողնել ամերիկյան ֆինանսական շուկայի զարգացման վրա:
Նշենք, որ ըստ փորձագիտական գնահատականների՝ 2012 թվականի առաջին եռամսյակում ամերիկյան 25 խոշորագույն առևտրային բանկերի կողմից երկրի տնտեսության տարբեր հատվածներին տրամադրված վարկերի ծավալը տարեկան կտրվածքով աճել է 0,4%-ով, մինչդեռ երկրի ՀՆԱ-ի աճի տեմպը կազմել է 2%: