«ԵՎՐՈԹԵՐՄ»-Ը ԿՍՏԱՆԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Այսօրվա իր նիստում ՀՀ կառավարությունը որոշել է «Եվրոթերմ» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2012թ. մարտի 15-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015թ. մարտի 15-ը։
Նշենք, որ ընկերությունը հիմնադրվել է 1998թ. և այժմ մրգի, բանջարեղենի մշակման և բնական հյութի և պահածոյի արտադրության երկրի առաջատար ձեռնարկություններից է։ Այն ունի նաև արտահանման ուղղվածություն, հյութի և նեկտարի ծավալի մոտ կեսը, մուրաբայի և պահածոյի 92 տոկոսը, խտանյութի 95 տոկոսն իրացվում է Հայաստանից դուրս։
Արմավիրի մարզի Վանանդ գյուղում ընկերությունը ձեռք է բերել մոտ 140 հա հողատարածք, հիմնել ծիրանի, դեղձի, խաղողի այգիներ։ Վերոնշյալ տարածքում կազմակերպվելու է գյուղմթերքի մշակման արդիական գործարան, որի համար և անհրաժեշտ է կառավարության աջակցությունը։