
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՉԵԽԻԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ
Այսօր` մայիսի 29-ին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության գործերի հավատարմատար Պետր Միկիսկային՝ Երեւանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության բացման կապակցությամբ:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ Երեւանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը նոր լիցք կհաղորդի հայ-չեխական համագործակցության առավել զարգացման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար` Չեխիայի գործերի հավատարմատարը վստահեցրել է, որ կանի առավելագույնն երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ, Հայաստան-Եվրոպական Միություն, տարածաշրջանային հարցերի շուրջ: