ԱՅՍ ՏԱՐԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԴԵՂՁԻ ՀԱՐՈՒՍՏ ԲԵՐՔ
Խորհրդային տարիներից ի վեր, երբ Նոյեմբերյանը համարվում էր դեղձի արտադրության առաջամարտիկը Հայաստանում, ընթացիկ տարում առաջին անգամ Տավուշի մարզի այս տարածաշրջանը կրկին հավակնում է իր նախկին համբավին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունից՝ դրանում անձամբ համոզվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարախպետյանը՝ Պտղավան կատարած այցի ժամանակ:
Տարիներ առաջ ոչնչացված այգիների տեղում կրկին հիմնված դեղձենու երիտասարդ այգիները առաջին անգամ աննախադեպ ու հարուստ բերք են խոստանում:
Ինչպես տեղեկացրել են նախարարին՝ սպասվող բերքը 4000 տոննայից ավելի է:
Նման բերք նոյեմբերյանցիները ստացել են տասնամյակներ առաջ, ուստի նախարարին հայտնել են իրենց մտահոգություններն իրացման հարցերի վերաբերյալ:
Նախարարը խոստացել է օժանդակել՝ արտահանումների կազմակերպման և վերամշակող ձեռնարկությունների կողմից դեղձի մթերման անհրաժեշտ ծավալների ապահովման հարցերում: