ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ԿՐՈՒՄ ԵՆ PRADA
Չինացիները կրում են Prada և այդ կերպ օգնում իտալական հայտնի նորաձևության տանը դիմադրել եվրոպական ճգնաժամին: Ընթացիկ տարվա առաջին կեսի արդյունքներով Prada և Miu Miu ապրանքային նշանները ներկայացնող նորաձևության տան շահույթն աճել է 59.5%-ով և կազմել 286 մլն եվրո: Հատկանշական է, որ վերլուծաբանները հաշվետու այս վեց ամիսների համար կանխատեսել էին շահույթի համեմատաբար բարձր մակարդակ (290 մլն եվրո):
Հաշվետու ամիսներին, ինչպես և սպասվում էր, Prada-ի վաճառքի ծավալների աճ է գրանցվել Ասիայի երկրներում, և, մասնավորապես, Չինաստանում, որն ընկերության համար լյուքս դասի ապրանքների վաճառքի ամենամեծ շուկան է: Հարկ է նշել, սակայն, որ նախորդ տարիների համեմատությամբ այս տարի ասիական շուկաներում նկատվում է ճոխության ապրանքների նկատմամբ պահանջարկի աստիճանաբար անկում:
Իտալական Միլան քաղաքում կենտրոնացած Prada ընկերությունը հիմնադրվել է 1913 թվականին:
Prada ընկերության հիմանդիրն է Մարիո Պրադան: Այսօր Պրադաների ընտանիքը տնօրինում է ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը:
Prada-ն ներկայումս պաշտոնապես ներկայացված է աշխարհի 80 երկրում: