ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ AMAZON.COM-Ը ԿՐԵԼ Է 137 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Ամերիկյան Amazon.com Inc. ինտերնետային ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ամիսներին ընկերությունը կրել է 137 մլն ԱՄՆ դոլարի զուտ վնաս: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Amazon.com-ն ապահովել էր 454 մլն ԱՄՆ դոլարի զուտ շահույթ:
Ըստ ներկայացված տվյալների` ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Amazon.com ընկերության վաճառքի ծավալներն աճել են շուրջ 30%-ով և կազմել 39,83 մլրդ ԱՄՆ դոլար:
Amazon.com-ն առաջին ինտերնետային ծառայություններից է, որն առաջարկում է գնել լայն սպառման ապրանքներ` ինտերնետի միջոցով: Ընկերությունն իր ինտերնետային առևտրի ծառայությունների միջոցով առաջարկում է ապրանքների շուրջ 34 կատեգորիա, այդ թվում գրքեր, կենցաղային տեխնիկա, խաղալիքներ, սնունդ և այլն: