
ՀԱՅ-ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԽՈՐԱՆԱ
Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ:
Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է երկկողմ համագործակցության տնտեսական բաղադրիչի զարգացումը՝ նշելով, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները դեռևս անբավարար են:
Սերժ Սարգսյանը և վարչապետ Նաջիբ Միկաթին ընդգծել են հայ-լիբանանյան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը, որը, կողմերի համոզմամբ, կարող է լուրջ խթան հանդիսանալ առևտրաշրջանառության ցուցանիշների բարելավման, ներդրումների խթանման, Հայաստանի և Լիբանանի գործարար շրջանակների միջև առավել սերտ կապերի հաստատման համար:
Փոխգործակցության զարգացման տեսանկյունից հեռանկարային են համարվել հատկապես գյուղատնտեսության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտները: Հանդիպմանը քննարկվել է նաև համատեղ Առևտրաարդյունաբերական պալատի ստեղծման գաղափարը: