ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է MICROSOFT ՏՏ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԵՎ ԻՆՈՎԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղակայված Microsoft տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիա և ինովացիոն կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ակադեմիայի և կենտրոնի գործունեությանը, ուսանողների կողմից մշակվող նորարարական ծրագրերին:
Տեղեկացվել է, որ ամբողջ աշխարհում ակադեմիական հաստատությունները հետևում են Microsoft-ի ՏՏ ակադեմիայի ծրագրին՝ նպատակ ունենալով առաջարկել Microsoft–ի տեխնոլոգիաների համար նախատեսված ՏՏ նորագույն կրթական ծրագրերը։ Այդպիսով, հաստատություններն անմիջապես ձեռք են բերում «Microsoft» բրենդի ճանաչելիությունն ու հեղինակությունը, ինչպես նաև համապարփակ ուսումնական ծրագրեր, ծրագրաշարերի թույլտվություններ և ռեսուրսներ՝ ուսանողների և դասավանդողների համար։ Բացի այդ, համայնքները և ձեռնարկություններն օգտվում են նաև բարձր որակավորում ունեցող և գործունակ աշխատուժի ծառայություններից։
Ակադեմիայում նախատեսվում է իրականացնել վերապատրաստման դասընթացներ ճարտարագիտական համալսարանի դասախոսական անձնակազմի և ուսանողների համար` Microsoft-ի կողմից տրամադրված ծրագրերով, նյութերով և մեթոդաբանությամբ:
Ակադեմիան մի շարք տեղական ՏՏ կազմակերպությունների հետ ձեռք է բերել նախնական պայմանավորվածություններ պատվերներ տեղադրելու վերաբերյալ։ Ակադեմիայի բոլոր ուսանողները հնարավորություն են ստանում անվճար գրանցվելու DreamSpark ծրագրում, որտեղից կարող են ստանալ մի շարք արտոնագրված ծրագրեր և ուսումնական նյութեր իրենց կրթական գործունեության մեջ կիրառելու նպատակով:
Microsoft ինովացիոն կենտրոնը հիմնադրվել է Մայքրոսոֆթ ընկերության, ՀՀ կառավարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կողմից և գործում է 2011 թվականի մայիսից: Կենտրոնն իր ձևաչափով և նշանակությամբ բացառիկ է ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում:
Կենտրոնի նպատակն է նոր ընկերությունների հիմնումը, նորարար լուծումների և արտադրանքների ստեղծումը՝ նորարարական մշակույթի և ստեղծարարության խթանման և նորագույն տեխնոլոգիաների հասանելիությունն ստեղծման միջոցով:
Վարչապետ Սարգսյանը, ծանոթանալով կենտրոնի ուսանողների նորարական լուծումներին, հանձնարարել է շահագրգիռ մարմիններին քննարկել դրանք և հնարավորության դեպքում ներառել պետական մարմինների կողմից մատուցվող ծառայություններում: Օրինակ, նման ծրագրերից մեկով առաջարկվում էր տեսախցիկների և արագաչափերի ֆիքսած խախտումների մասին վարորդին տեղեկացնել SMS հաղորդագրությամբ՝ խախտումից անմիջապես հետո: Վարչապետը հանձնարարել է ծրագիրն ուսումնասիրության ներկայացնել ՀՀ ոստիկանության համապատասխան մարմիններին: Մշակված ծրագրերից մեկն էլ հնարավորություն էր տալիս հատուկ սարքերի միջոցով պարզել ջրի բաղադրությունը և աղտոտվածության աստիճանը, որը ևս արժանացել է կառավարության ղեկավարի ուշադրությանը:
Հիմնադրումից մինչ օրս կենտրոնը համակողմանի աջակցություն է տրամադրել ավելի քան 50 ընկերությունների, ինչպես նաև ինկուբացրել է 15 թիմ, որոնցից մեկը գրանցվել է իբրև start-up ընկերություն և հաջողությամբ զբաղվում է Microsoft–ի նորագույն Kinect տեխնոլոգիայի հիման վրա ծրագրավորման աշխատանքներով:
Իր գործունեության առաջին տարվա ընթացքում ինովացիոն կենտրոնն իր կարողությունների զարգանցման բաղադրիչի շրջանակում ունեցել է ավելի քան 1600 շահառու, կազմակերպվել է 50 երկարաժամկետ դասընթաց` ընդգրկելով 600 ուսանողների և ՏՏ մասնագետների:
Վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպվել է նաև գաղափարների գեներացման 5 մրցույթ, այդ թվում Your phone, Your apps բջջային հավելվածների առցանց մրցույթը, որի շնորհիվ Հայաստանն արձանագրել է ուսանողական հավելվածների ցուցանիշի աննախադեպ աճ՝ զբաղեցնելով 2-րդ տեղը կենտրոնական և արևելա-եվրոպական տարածաշրջանում: