ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) վերջերս մրցույթ էր հայտարարել` միանգամից 71 թափուր աշխատատեղերի համար, հիմնականում՝ տնտեսագիտական, հաշվապահական և իրավաբանական մասնագիտություններով: Մրցույթի արդյունքներով՝ 586 մասնակիցներից հաղթող են ճանաչվել 66-ը: Նոր աշխատակիցներն աշխատանքի են անցել Երևանի հարկային և մարզերի տարածքային հարկային տեսչություններում` ընթացիկ հսկողության, տեղեկատվության և վերլուծության, ինչպես նաև իրավաբանական և հարկադիր գանձումների բաժիններում: Համալրվող աշխատատեղերի զգալի մասը բաժին է ընկել մարզերին:
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը վստահեցրել է, որ մրցույթի արդյունքում ընտրվել են լավագույնները: Նոր հարկային ծառայողներ ընտրելիս կոմիտեն առաջնորդվել է 3 հիմնական չափանիշներով` մասնագիտական բարձր պատրաստվածություն, համակարգչային հմտություններ և վերլուծական կարողությունների առկայություն: