Հնդկաստանը ձգտում է ներգրավել օտարերկրյա ներդրողներին
Հնդկաստանի կառավարությունը ձգտում է երկիր ներգրավել օտարերկրյա ներդրողների, ովքեր աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով վախենում են զարգացնել իրենց բիզնեսը Չինաստանում։ Այս մասին Business Standard-ին ասել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության արդյունաբերության խթանման և ներքին առևտրի վարչության քարտուղարը:
«Հնդկաստանը, որն ունի աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսությունը, գրավիչ է դառնում ներդրողների համար, որոնք ցանկանում են իրենց բիզնեսը պաշտպանել աշխարհաքաղաքական լարվածությունից՝ ընդլայնելով իրենց գործունեությունը Չինաստանից դուրս: Ընկերությունները, ինչպիսիք են Apple Inc.-ն և Samsung Electronics Co.-ն, մեծացրել են արտադրությունը Հնդկաստանում՝ օգտվելով վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարության առաջարկած արտոնություններից»,- ասել է հնդիկ պաշտոնյան:
Հնդկաստանը նպատակ ունի առաջիկա հինգ տարիների ընթացքում ներգրավել տարեկան առնվազն 100 միլիարդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ: Պաշտոնյայի նկատառմամբ՝ ընթացիկ ֆինանսական տարում Հնդկաստանն ավելի կմոտենանա իր սահմանած նպատակակետին:
Ի դեպ, անցած հինգ տարիների ընթացքում Հնդկաստանը տարեկան ներգրավել է ավելի քան 70 միլիարդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ: