ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԸ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ
ՀՀ կառավարությունը, նկատի առնելով այն հանգամանքը, որ գրեթե բոլոր զարգացող և մի շարք զարգացած երկրներ լայնորեն կիրառում են դեղերի, երբեմն նաև բժշկական ծառայությունների գների կարգավորման ուղղակի և անուղղակի մեթոդներ, ստեղծել է սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային փաթեթի մեջ մտնող հիմնական բժշկական ծառայությունների և դեղերի կողմնորոշիչ գների կարգավորում իրականացնող միջգերատեսչական հանձնաժողով, հաստատել դրա կազմը և գործունեության կարգը։
Այսպես, հանձնաժողովը, որի նախագահն է ՀՀ ֆինանսների նախարարը, կկարողանա լուծել հետևյալ խնդիրները.
– միևնույն կարգի բուժհաստատություններում ունենալ բուժծառայությունների համանման գներ,
– կիրառել գների հաշվարկման թափանցիկ մեխանիզմներ,
– ավելի հրապարակային դարձնել բուժծառայությունների և դեղերի գնագոյացումը,
– զսպել բժշկական ծառայությունների և դեղերի, ինչպես նաև պետության կողմից վճարվող առողջության ապահովագրության գները, կայունացնել դրանք,
– ընդլայնել դեղամիջոցների և բժշկական ծառայությունների հասանելիությունը: