ԿԲԱՐՁՐԱՑՎԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԸ
Այսօր՝ հունվարի 10-ին, գործադիրն ընդունել է ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից մշակված վեց որոշումների նախագծեր, որոնք ուղղված են քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը, մատուցվող ծառայությունների դյուրացմանը և ժամկետների կրճատմանը, մեկ պատուհանի սկզբունքի կիրառմանը, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմանը։
Որոշումների ընդունմամբ՝ գործադիրը հեշտացրել է քաղաքացիների ընտանեկան կարգավիճակի, դատվածության և հետախուզման առկայության վերաբերյալ տեղեկանքների, անձնագիրը կամ ճամփորդական փաստաթուղթը կորցրած անձանց համար ՀՀ վերադարձի վկայականի ստացումը՝ նաև փոստային կապի ծառայությունների միջոցով։ Հաստատվել է նաև ՀՀ տարածքում փոստային կապի միջոցով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների վերաբերյալ տեղեկության տրամադրման կարգը։
Իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ կառավարությունը կատարել է լրացումներ, որոնց շնորհիվ հեշտացվում է նաև արտոնագրված անձանց կողմից հաշվետվությունների ներկայացման գործընթացը։
Նշենք նաև, որ 2012թ. ուժի մեջ մտած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանրային ծառայության համակարգ կներդրվեն այնպիսի նոր ինստիտուտներ, ինչպիսիք են հանրային ծառայողի կողմից կատարվող տեղեկացումը (զեկուցումը), հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու արգելքը, հանրային ծառայողի էթիկայի կանոնները և այլն, գործընթացներ, որոնց վերաբերյալ հանրությանն իրազեկելու խնդիրները, ինչպես նաև համակարգում ընդգրկված մարմիններում առաջացող թափուր պաշտոնների մասին կենտրոնացված կարգով հայտարարությունների հրապարակումը վերապահվել է «Հանրային ծառայություն» շաբաթաթերթին, որն ստեղծվել է կառավարության նախկին որոշումներից մեկի փոփոխմամբ։