ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԴԻԶՎԱՌԵԼԻՔԸ ԿՀԱՏԿԱՑՎԻ 1 ԼԻՏՐԸ 350 ԴՐԱՄՈՎ, 1 ՊԱՐԿ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԸ` 6 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ
Կառավարությունը հաստատել է Հայաստանի հողօգտագործողներին 2013թ. համար մատչելի գնով դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է ծրագրերն իրականացնելու համար սուբսիդիա տրամադրելու նպատակով մրցակցային հիմունքներով կազմակերպել ընտրություն դիզելային վառելանյութ և պարարտանյութ ներկրող խոշոր կազմակերպություններից։
Նախատեսվում է հողօգտագործողներին տրամադրել ավելի քան 17 միլիոն լիտր վառելանյութ և մոտ 11 հազար տոննա ամոնիակային սելիտրա։ Ընդ որում, դիզելային վառելանյութը կհատկացվի 1 լիտրը 350 դրամով, 50 կիլոգրամ կշռով մեկ պարկ պարարտանյութը` 6 հազար դրամով։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտակմամբ այս երկու ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ այս տարի տրամադրվող աջակցության ծավալն ավելացել է, ինչի շնորհիվ կարելի է ենթադրել, որ մշակվող հողատարածությունները նույնպես զգալիորեն ավելացել են։